Հիմնվել է ուսումնական լաբորատորիա. ԱԿԲԱ Ֆեդերացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ԱԿԲԱ Ֆեդերացիայի և «Երևանի գարեջուր» ՓԲԸ աջակցությամբ գործարկվել է գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական նորարարական լաբորատորիա:
Համագործակցության շնորհիվ իրականացվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում, կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ:

Նոր լաբորատորիան ծառայելու է ոչ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորող ուսանողների գործնական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը, այլ նաև տարբեր ծրագրերի միջոցով վերապատրաստման հնարավորություն կընձեռի ոլորտային մասնագետներին:

«Մեր և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությունը հարուստ պատմություն ունի: Այս անգամ ԱԿԲԱ Ֆեդերացիան միացավ համալսարանում գարեջրագործության և թորման ուսումնական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնությանը: Վստահ ենք, որ այս լաբորատորիան կնպաստի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև խթան կդառնա ոլորտային փոքր արտադրություններ հիմնելու համար»,- նշել է «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհակալություն հայտնելով ԱԿԲԱ Ֆեդերացիային գաղափարակից լինելու և աջակցության համար, նշել է, որ ԱԿԲԱ Ֆեդերացիան Ագրարային համալսարանի բազմամյա և հուսալի գործընկերն է, որը մշտապես սատարել է ագրարային կրթության զարգացման, գյուղատնտեսության ոլորտի որակյալ կադրերի պատրաստման գործին:

ԱԿԲԱ Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի 83,68% բաժնետոմսերի սեփականատերը: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ ԱԿԲԱ Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, նորարարական գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև համայնքների զարգացմանը: ԱԿԲԱ Ֆեդերացիան նաև օժանդակում է երիտասարդների` գյուղատնտեսական ոլորտի կամ գյուղական համայնքների զարգացմանը միտված հեռանկարային գաղափարների իրականացմանը:




Լրահոս