ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։
Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արման Եղոյանը։
«Քննարկել ենք Հայաստանում բարեփոխումների և տարածաշրջանում անվտանգության և կայունության վերաբերյալ հարցեր, բնականաբար, ԼՂ հակամարտության կոնտեքստում»,– ասաց պատգամավորը
Եղոյանը շնորհակալություն հայտնեց Կալյուրանդին` տարածաշրջանի և Հայաստանի համար կարևոր հարցերում հստակ ու անկողմնակալ դիրքորոշում հայտնելու համար։
Նա հայտնեց, որ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին` հայկական կողմը կհյուրընկալվի Բրյուսելում, սակայն մինչ այդ աշխատանքները կշարունակվեն առցանց կամ այլ ձևաչափերում։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը շնորհակալություն հայտնեց հերթական անգամ ջերմ ընդունելության համար։ Նա հիշեց, որ վերջին անգամ Հայաստան է այցելել մոտ 40 տարի առաջ։
«Կարևոր էր այսօր նման հանդիպում ունենալ, քանի որ, համավարակով պայմանավորված, երկար ժամանակ չենք ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հանդիպումներ։ Մենք խոսել ենք ԼՂ իրավիճակի մասին և կարող եմ ասել, որ պատերազմը երբեք լուծում չէ և անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը։ Հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո»,– նշեց Կալյուրանդը։