Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այսօր մանրամասներ է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրա խոսքով, Կիևում առավոտյան մոտ վեց պայթյուն է եղել եւ հավելել, որ ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է հակառակորդի թռչող սարքը:
Ուկրաինական լրատվամիջոցներն այլ տվյալներ եւս հայտնում են: Մասնավորապես, թե Կիևում բնակելի շենք է այրվել, որի վրա հրթիռի բեկորներ են ընկել։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։
Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձով է հանդես եկել, որում ամփոփել է ռուսական ներխուժման առաջին օրվա արդյունքները։ Նա ասել է, որ նախնական տվյալներով՝ երեկ 137 ուկրաինայի քաղաքացի է զոհվել՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Իսկ ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցը հայտնում է, որ փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկայի տեղափոխման պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Ան-26» ինքնաթիռը։ Անձնակազմը մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը: