Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ինչպես և այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը այսօրվա կայանալիք դատավորների ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից մոտ 60-նն է ներքին կարգով ասել, որ հետ չեն կանգնի իրենց ստորագրությունից:
Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:
Հավելենք, որ քվորում լինելու համար 129 դատավոր պետք է ներկայանային, սակայն ներկա էին 89-ը: Վերջում եկել են ևս մի քանի դատավոր և նրանց թիվը դարձել է 95:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան