Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Նույն օրը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:




Լրահոս