Մահացել է Արցախի Հանրապետության ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Վարդգես Բաղրյանը:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այս կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել, որում ասվում է. «Խորը կսկիծով տեղեկացանք ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԼՂՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին:
Վարդգես Բաղրյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով:Թերևս այդ է պատճառը, որ բազմիցս արժանացել է ժողովրդի վստահությանը, և 3անգամ ընտրվել ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր՝ ստանձնելով պատասխանատու պաշտոններ։ Եղել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ,ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեղակար։
ԼՂՀ նախագահի հրամանով 2007 թվականին արժանացել էր ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր էր, «Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ, մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի հեղինակ։
ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վարդգես Բաղրյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում կորստյան ծանր վիշտը»:
Վարդգես Բաղրյանը ծնվել է 1952 թվականին Ստեփանակերտ քաղաքում: 1973 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը։ 1998 թվականի դեկտեմբեր` ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 1999-2005 թվականներին` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 2005-2007 թվականներին` ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, 2007-2008 թվականներին՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ 2008 թվականի հունիս-նոյեմբեր` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար։ 2008-2010 թվականներին` Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար։
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։
2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: