Արցախի Խրամորթ գյուղում իրավիճակը հանգիստ է: Բնակավայրը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Փետրվարի 26-ին ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»:
Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը:
Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:
ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»