Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը նոր մանրամասներ է հայտնել երկրում տիրող իրավիճակից: Ըստ այդմ, ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ և վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։
«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն:
Նշվում է, որ նախորդ գիշեր Պոլեսեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։