ՀԵՏՈՂՈՐՄՅԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս անցած մայիսին, երբ գերտերություններից մեկի ակտիվ ջանքերի արդյունքում մեկնարկեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, եւ ընդդիմությունը հայտարարեց, թե երկխոսության դուռը կիսաբաց է, մենք զգուշացրինք, որ այս խաղում տանուլ կտա այն կողմը, որն առաջինը կփակի այդ դուռը: Ու թեեւ վերջին երկու ամիսներին արդեն իսկ ակնհայտ էր, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ձախողված է, այդուամենայնիվ, կողմերը դեռ ժամանակ էին ձգում` խուսափելով երկխոսության դուռն առաջինը շրխկացնելու անցանկալի քայլից:Բայց եթե իշխանություններին ձեռնտու էր ժամանակ ձգելը, ապա դա շահավետ չէր ընդդիմության համար: Եթե, իհարկե, ընդդիմությունը եւս ժամանակ ձգելու խորքային պատճառներ չուներ: Համենայնդեպս, ՀԱԿ ներկայացուցիչների` վերջին օրերի հայտարարություններին հետեւելով` այնպիսի տպավորություն է, որ նրանք կա՛մ մինչեւ վերջ անկեղծ չեն, կա՛մ պարզապես իրավիճակը մինչեւ վերջ չէին հաշվարկել: Հակառակ դեպքում պարզապես անհասկանալի են, օրինակ, ՍԴՀԿ  ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի խոսքերը. «Մենք գնացել էինք երկխոսության ազնիվ մղումներով, սակայն հիմա պարզ է, որ իշխանությունը երկխոսության գնաց ժամանակ ձգելու նպատակով…»: Էլ ավելի տարակուսելի է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի պնդումը. «Ծիծաղելի էր բանակցել հանցագործի հետ, որն իրականացրել է մարտի 1-ը»:  Անկեղծ ասած, նման պոստֆակտում գնահատականներով ընդդիմությունն իրեն էլ ավելի վատ վիճակի մեջ է դնում, քանի որ ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում. լավ, եթե այդքան ծիծաղելի էր, ապա ինչո՞ւ էիք բանակցում: Եւ այստեղ այնքան էլ համոզիչ չեն թվում Լյուդմիլա Սարգսյանի նշած «ազնիվ մղումները»: Ի վերջո, ՀԱԿ-ը քաղաքական ուժ է, որի հետ լրջագույն հույսեր է կապում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը, ուստի այն պարտավոր էր  առաջնորդվել ոչ թե ինչ-որ ազնիվ կամ անազնիվ մղումներով, այլ սթափ քաղաքական հաշվարկներով: Ու եթե այդ հաշվարկները չեն իրականացել, պետք է համարձակություն ունենալ եւ ասել` սխալվել ենք` բանակցելով «մարտի 1-ն իրականացրած հանցագործ իշխանության հետ» եւ ոչ թե, ինչպես Լյուդմիլա Սարգսյանը,  փորձել  անհամոզիչ  փաստարկներ բերել, թե` «ընդդիմությունը երկխոսության գնաց իշխանության դիմակը պատռելու համար»: Իշխանությունների դիմակը դեռեւս  2007-ին բացահայտել  էր Լեւոն Տեր-Պետրոսյանն իր` ավազակապետական բուրգի կազմաքանդման պահանջով, իսկ դրանից հետո էլ այդ դիմակը մինչեւ վերջ պատռվել էր 2008թ. մարտի 1-ին: Այնպես որ, այդքանից հետո միանգամայն բնական էր, որ, ինչպես Արամ Մանուկյանն է նկատել. «Երկխոսության ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը համախոհներ կորցրեց, քանի որ ժողովուրդն էլ գիտեր, որ երկխոսությունը չիրականացող բան էր»: Ստացվում է, որ ՀԱԿ-ը ժողովրդի կարծիքը հաշվի չառավ, թեեւ իր վերջին բոլոր ակցիաներն անցկացնելուց առաջ հղում էր անում ժողովրդի որոշմանը:




Լրահոս