Վաղը՝ մարտի 1-ին, էկրան կբարձրանա «Գարուն ա…» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը: «Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։
ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ: Դերասանուհին ֆիլմում առաջարկը ստացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանից եւ դերասան Ալեքսանդր Խաչատրյանից. վերջինս ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին է կերպավորել, այլ ֆիլմի պրոդյուսերն է:
-Մարջա՛ն, կներկայացնե՞ք Ձեր կերտած կերպարը: Ի՞նչ գաղափարախոսությունի ունի այն:
-Ֆիլմում մարմնավորել եմ գլխավոր հերոսի` Լեւոնի մոր կերպարը: Իմ կերպարը ինտելիգենտ, համեստ, խաղաղասեր, բարի, հայրենասեր հայ կին է. մանագիտությամբ՝ դաշնակահարուհի:
-Ի՞նչ դժվարություններ եւ բարդությունների առաջ եք կանգնել եւ ինչպես ե՞ք հաղթահարել:
-Ինձ համար յուրաքանչյուր անգամ կինոդիտողին ներկայանալը մեծ պատասխանատվություն է անկախ աշխատանքի ծավալից: Հեշտ չէր՝ հաշվի առնելով, որ ֆիլմը նկարահանվում էր քովիդի պայմաններում: Իսկ ինչ վերաբերվում է կերպարի բարդություններին, տանելի էր, հետաքրքիր ինքս ինձ բացահայտելու առումով:
-Ֆիլմը հայրենիքի, միասնության մասին է…
-Այս ֆիլմը հայրենիք ցանկանալ ունենալու մասին է, հայրենիքը սիրելու մասին է, հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է: Ֆիլմում հայի բոլոր տեսակներին անդրադարձ կա կերպարների տեսքով:
-Ի՞նչ եք կարծում, այսօր, այս դժվարին պատմական ժամանակահատվածում ինչի՞ կարիք եւ պահանջարկ ունի մեր հանրությունը:
-Սթափվելու:
-Պրեմիերան վաղն է լինելու, ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Հուսամ կարդարացնենք կինոդիտողի սպասումները: Գուցե նաեւ մի փոքր նպաստենք հանրության արթնացմանը:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը