Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հասկանում և աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը, սակայն նշում է, որ այդ պրոցեսը մի քանի ամսում տեղի չի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աննալենա Բերբոկը հայտնել է փետրվարի 28-ին կայացած բրիֆինգի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացանք նոր աշխարհում: Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում: Դա խորը և ինտենսիվ վերափոխման գործընթաց է»,-ասել է նա:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրոպական միությանն անդամակցելու դիմում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին կայացել են Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները: Կողմերը մեկնել են իրենց երկրների մայրաքաղաքներ խորհրդակցելու: Մոտ ժամանակներս հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: