Կաշառք ստանալու դեպքերն ավելացել են. Կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ՝ անարդյունավետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարի Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 30 հազար 245 դեպք: Իսկ ահա 2020 թվականին Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 26 հազար 468 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 3777 դեպքով:

Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարի Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 16 հազար 520 դեպք, 2020-ին այդ ցուցանիշը կազմել է 13 հազար 629:Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը եւս ավելացել է: Մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվն անցյալ տարի եղել է 350՝ 2020-ի 296-ի դիմաց: Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ կտրուկ աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես անցյալ տարի կաշառք ստանալու, տալու ընդամենը 237 դեպք է գրանցվել, իսկ 2020 թվականին նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 157-ի:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ, անարդյունավետ է: Իհարկե, հաշվի առնելով հայկական իրականությունը եւ մեր երկրում կոռուպցիայի տարածվածության աստիճանը՝ հիսուն կամ երկու հարյուր դեպքերով իրավիճակը հնարավոր չէ շտկել: Բայց պարզվում է՝ իրավապահները սկսել են կաշառք ստանալու մեջ ավելի շատ մարդկանց մեղադրել:

Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով անցյալ տարի դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: 2020 թվականի 4 հազար 910 դեպքի դիմաց անցյալ տարի արձանագրվել է 6 հազար 356 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճն հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին Հայաստանում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 783 դեպք, իսկ նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 1034:

Ս.Հ.




Լրահոս