ԴՈՆԵՑԿՆ ՈՒ ԼՈՒԳԱՆՑԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՊԵՏՔ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի պատգամավորները երեկ կողմ են քվեարկել Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների հետ բարեկամության եւ համագործակցության պայմանագրերի վավերացմանը, որոնց ճանաչման մասին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը: Պետդումայի պատգամավորները երկու համաձայնագրերն էլ միաձայն վավերացրել են. կողմ է քվեարկել 400 պատգամավոր։ Պետդումայի անդամները բուռն ծափերով են ընդունել օրենքի հաստատումը։ Պատգամավորները դարձյալ միաձայն կողմ են քվեարկել երկու փաստաթղթերի՝ արագացված ուժի մեջ մտնելուն։ Դրանք պետք է ուժի մեջ մտնեն հրապարակման օրվանից, այսինքն՝ փետրվարի 22-ից։

 

Անհասկանալի է մնում, թե ինչ սահմաններում է Ռուսաստանը ճանաչում ինքնահռչակ այս հանրապետությունները։ Նրանք, ըստ իրենց Սահմանադրության, հավակնում են Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների ողջ տարածքին, սակայն իրականում վերահսկում են դրա միայն մի փոքր մասը։ ՌԴ նախագահը հանձնարարել է երկրի ԱԳՆ-ին՝ «բանակցություններ վարել Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ»։

Իր հերթին Մոսկվան կոչ է անում աշխարհի երկրներին հետեւել Ռուսաստանի օրինակին ու ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։

«Ռուսաստանը կոչ է անում մյուս պետություններին հետեւել իր օրինակին», – հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Մոսկվան իր որոշումն ընդունել է «Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտումը հաշվի առնելով»։ Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ «հանրապետությունների բնակչությունը բախվել էր կիեւյան իշխանությունների կողմից ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի»։

«Միանգամայն ակնհայտ էր, որ Կիեւի համար Դոնբասը տարածք է, այլ ոչ թե մարդիկ, որոնք այնտեղ ապրում են», – ասվում է ռուսաստանյան ԱԳՆ-ի հայտարարությունում։

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել սենատոր Կոնստանտին Կոսաչեւին:

-Պարո՛ն Կոսաչեւ, ի՞նչ է ենթադրում Պետդումայի կողմից վավերացված պայմանագիրը:

-Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների հետ բարեկամության եւ համագործակցության պայմանագրերի վավերացումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման համար է, այլ նաեւ Դոնբասի բնակչության փրկության: Այն միայն ընկերության եւ համագործակցության մասին համաձայւնագիր չէ, դրանով մարդկային կյանքեր են փրկվելու:

-Ի՞նչ է հաջորդելու որոշմանը:

-Այսօր ժամանակակից Եվրոպայում մարդկանց ստիպված պետք է պաշտպանել ռադիկալ ուժերից, որոնք զբաղված են եղել մայդանում կրակոցներ արձակելով:  Իսկ գործնականում ստացվում է, որ Դոնբասն ու Լուգանսկն Ուկրաինային հարկավոր չեն: Բացի այդ, մարդկանց պետք է պաշտպանել ՆԱՏՕ-ից: Նոր անդամներն այդ կազմակերպության մեջ էին մտել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատանալուց հետո: Հարավն ամեն ինչ անում է, որ լարվածությունն աճի: Այն որոշումը, որ մենք այսօր կայացրեցինք, համարժեք է այն որոշմանը, որը կայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա է հենց հիմնական ֆակտորը տարածաշրջանում լարվածության նվազման եւ մարդկանց պաշտպանելու համար:

-Որքանո՞վ է այժմ հավանական պատերազմ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ:

-Այն որոշումը, որ մենք այսօր կայացրեցինք, պետք է նպաստի հենց լայնամասշտաբ պատերազմը կանխելուն, եւ քանի դեռ կախված է մեզանից, պատերազմ չի լինի: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ուղերձով դիմել ուկրաինական կողմին, ժողովրդին, որպեսզի հասկանան իրավիճակը: Երեք տարածաշրջան դուք արդեն կորցրել եք: Ճիշտ ժամանակն է սխալների վրա սովորելու եւ դրանք չկրկնելու: Նրանք պետք է հասկանան, որ Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունն այժմ վտանգավոր է եւ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ի՞նչ փուլում է գտնվում Ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլ է տվել լքել Հայաստանը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Ի դեպ, դատարանը քրեական գործով նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

 

Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետեւյալ հարցերը.

l ներկայումս ի՞նչ հիվանդություններով է տառապում Գագիկ Խաչատրյանը,

l փորձաքննության արդյունքում հաստատված ախտորոշման պայմաններում ի՞նչ բժշկական միջոցառումներ են անհրաժեշտ, արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններում ապահովել Գ.Խաչատրյանի պատշաճ բժշկական սպասարկումը,

l առկա՞ է արդյոք Գ.Խաչատրյանին վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն, թե՝ ոչ,

l Գ. Խաչատրյանի ողնաշարի ստենոզի շտկման նպատակով կրկնակի վիրահատության անրաժեշտության դեպքում որպես առավել անվտանգ միջոց արդյոք այն չպե՞տք է իրականացվի այն բժշկի կողմից, որն իրականացրել է սկզբնական վիրահատությունը եւ տեղադրել է իմպլանտը: Փորձագիտական հանձնաժողովում ընդգրկել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Մորիսի Մանվելյանին:

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է վերջինիս փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, որը փոխանցել է, որ Գագիկ Խաչատրյանը գտնվում է Հայաստանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՏՆՕՐԵՆԻ

Ստեփանակերտում այս օրերին քննարկվող թեժ թեմաներից է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի եւ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի կառույցի տնօրեն Մհեր Ասրյանի միջեւ առկա կոնֆլիկտը: Բանն այն է, որ նախարար Խանումյանի հրամանով մոտ մեկ տարի առաջ Ասրյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Պատճառը, ըստ ՏԿԵ նախարարի, «Արցախանտառում» հայտաբերված ապօրինություններն են եղել: Դատարանը, սակայն, Մհեր Ասրյանին վերականգնել է իր պաշտոնում: Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ «Արցախանտառ»-ում չարաշահումներ իրականում եղել են, բայց նախարարի ու վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի հարաբերություններն այնքան են լարվել, որ այդ «հակամարտության» մասին նախարար Խանումյանը Facebook-ում գրառում է արել: Արցախից մեզ փոխանցում են, որ կրքերն այնքան թեժ են, որ Խանումյանը մտադիր է մինչեւ վերջ գնալ ու հասնել Ասրյանի վերջնական պաշտոնանկությանը, հակառակ դեպքում ինքն է ստիպված լինելու հրաժարական տալ:

 

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵԼ Է

Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը տեղեկեցավ, որ նախորդ տարի արտադրվել է 263 հազար 571 տոննա հաց, իսկ 2020 թվականին՝ 268 հազար 546 տոննա, այսինքն՝ 4975 տոննայով պակաս: Մեզ պաշտոնական վիճակագրությունից հայտնի դարձավ, որ նախորդ տարի, 2020 թվականի համեմատ, առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացի արտադրության ծավալները 1.8 տոկոսով են նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021 թվականին, 2020 թվականի հետ համեմատ, պակասել է 2300-ով: Անցյալ տարվա դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար մարդ, մինչդեռ 2020 թվականին մշտական բնակվողների թիվը 2 մլն 963 հազար 300 էր:

 




Լրահոս