ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց, որի շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Այս առավոտ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, եւ առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, եւ Ադրբեջանի պատգամավորները:

 

Մեր եվրոպացի գործընկերները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարեւոր եմ համարում Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Այսօր նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, եւ որ ԼՂ հակամարտությունը դեռեւս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել, որքան էլ ադրբեջանցի պատգամավորները ջանում են դա համոզել իրենք իրենց եւ մյուսներին»,- հայտարարեց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը Երեւանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որում պատգամավորը պնդել էր, թե, իբր, ԼՂ հակամարտությունն ավարտվել է:

«Ես չեմ հիշում, թե քանի անգամ ադրբեջանցի կոլեգաները կրկնեցին՝ փորձելով համոզել իրենք իրենց, թե կոնֆլիկտն ավարտվել է: Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի եւ հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունը ավելի ու ավելի է խորանում»,-ասաց Եղոյանը:

Նա որպես ապացույց հիշեցրեց Ադրբեջանի ջանքերը՝ վերացնելու հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից եւ դրանք ներկայացնելու որպես ալբանական: Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորի՝ սեփական երկիրը որպես բազմամշակութային ներկայացնելու ջանքերին՝ Եղոյանը հարցրեց, թե որտեղ են 500 000 հայերը, որոնք ապրել են Ադրբեջանում, որտեղ են նրանք հիմա, Բաքվում, Սումգայիթում ապրած հայերը որտեղ են: «Ո՞րտեղ են այդ հայերը, ո՞ւր են անհետացել, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է: Ես չգիտեմ՝ դուք փորձում եք համոզել ինքներդ ձե՞զ, թե՞ ձեր շուրջն այլ մարդկանց»,-հարցրեց Եղոյանը:

Պատգամավորը շեշտեց՝ խաղաղությունն ամեն գնով հնարավոր չէ: «Խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, ուրիշների իրավունքների հարգմամբ, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ: Հայերի կյանքի եւ սեփականության իրավունքն արդյոք երաշխավորվա՞ծ է Ադրբեջանում. ոչ, քանի որ չեք կարող գտնել մի հայի, որն ապրում է ադրբեջանական իշխանության կանոնների ներքո: Նրանք բոլորը՝ Բաքվում, այլ քաղաքներում, անհետացել են»:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է: Այս մասին Երեւանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Ստեղծագործականությունը միշտ ողջունվում է: Ադրբեջանն ունի ստեղծագործականության իր բրենդը, Ադրբեջանի կողմից խնդրի լուծման բրենդը դրա գոյությունն անտեսելն է: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, չկան ռազմագերիներ, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառում չի եղել, մշակութային ժառանգության ոչնչացում չկա եւ չի շարունակվում, չեն եղել ահաբեկիչներ Արցախում, ոչ մի զինված ուժեր չեն եղել եւ այս պահին չկան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Սա խնդրի լուծման շատ հետաքրքիր բրենդ է՝ անտեսել խնդիրները»,- ասաց Մամիջանյանը:

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում շեշտեց՝ Եվրամիությունը պետք է միանշանակ ու թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին եւ Թուրքիային:  Գրիգորյանն այս մասին ասաց Երեւանում անցկացվող նիստում:

«Անվտանգային մարտահրավերները մեր տարածաշրջանում շարունակում են պահպանվել, մինչդեռ Ադրբեջանը կարծում է, թե հակամարտությունը կարող է լուծվել պատերազմով: Մոտավորապես, 2 տարի առաջ Ադրբեջանը որոշեց, որ կարող է ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել, որն ինքնին ՄԱԿ-ի եւ Հելսինկյան եզրափակիչակտով երաշխավորված հիմնարար սկզբունքների ոտնահարում է: Պատերազմը բերեց աղետներ, բայց չլուծեց հակամարտությունը, հակամարտությունը դեռ առկա է: Թշնամությունը, հակահայկականության տարածումը եւ կոնֆլիկտը խաթարեցին խաղաղ համաձայնագրի հեռանկարը տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը:

Նա հարցրեց՝ ինչպես կարելի է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության գնալ, երբ մինչեւ հիմա հայ ռազմագերիները եւ գերեվարված քաղաքացիական անձինք շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ամեն օր ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, երբ Ադրբեջանը  բռնություն, արյունահեղություն է արել, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՈՐ ՎՃԻՌ

Դիարբեքիրի 13-րդ քրեական դատարանի վճռով արդարացվել են 2016-ից 2018թթ. ընթացքում Դիարբեքիրի փաստաբանների պալատի կողմից արված հայտարարություններում «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն», ինչպես նաեւ «Քուրդիստան» ձեւակերպումների պատճառով դատվող պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենը, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենը, ինչպես նաեւ պալատի 9 այլ անդամներ: Այս մասին հաղորդում է թուրքական Evrensel-ը: Փաստաբանները դատվում էին ՔՕ (TCK)  301 հոդվածով (թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական ինստիտուտներին եւ մարմիններին նսեմացնելը) եւ 216 հոդվածով (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրելը): Արդարացման համար հիմք է հանդիսացել այն, որ մեղադրյալների հայտարարությունները չեն պարունակել բռնության եւ սպառնալիքի կոչեր:

 

 

ՊԵՏՔ Է ԴԻՄԱԴՐԵԼ

Համաշխարհային հանրակցությունը պետք է դիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը, որը նպատակամիտված է նավթի-գազի ճյուղի դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։ «Համաշխարհային հանրակցությունը չպետք է ճանաչի միակողմանի հարկադրական գործողությունները նավթի-գազի արդյունաբերության դեմ, ինչպիսիք են ԱՄՆ-ի կոշտ պաժամիջոցները»,-ասել է նախագահը: Նա հավելել է, որ «այսօրվա աշխարհում պատժամիջոցների կիրառումն իր կամքի եւ գերիշխանության պարտադրման համար անարդյունավետ է արթնացած եւ անկախ պետությունների նկատմամբ»: «Սակայն այդ ֆինանսական սահմանափակումները սպառնալիքի տակ են դնում Գազ արտահանող երկրների ֆորումի անդամ երկրների տնտեսական շահերը»,-նշել է նախագահը: Ռայիսին երկօրյա այցով Դոհա է ժամանել Գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու համար: Դա Իրանի նախագահի առաջին այցն է Կատար վերջին տասը տարվա ընթացքում:

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔԿՀ-ԻՆ

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, պահանջելով, որ 06.11.2021թ. թիվ 862 որոշումը վերացնի եւ հայցվորին կիսափակ ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղախոխելուն պարտավորեցնի: Նշենք, որ Ալիկ Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, լինելով Վանո Սիրադեղյանի հայտնի «բանդայի» գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի «բանդայի» անդամ, մասնակցել է հանցավոր գործողությունների, որի հետեւանքով դատապարտվել է մահապատժի, այնուհետեւ՝ ցմահ ազատազրկման:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

Ըստ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի՝ կանանց տոնը նշվում է մարտի 8-ին. այն ոչ աշխատանքային օր է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտ ամիսն ունի 9 ոչ աշխատանքային օր, մեկ նախատոնական օր՝ մարտի 7-ը: Իսկ, ահա, ապրիլ ամսին ոչ աշխատանքային օրերը 9-ն են: Օրինակ, մայրության եւ գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, աշխատանքային օր է, իսկ հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին, աշխատանքային օր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս դեպքում՝ ապրիլի 30-ին: Նշենք, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է:

 

 

ՉԵՄ ՃԱՇԵԼ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Եվրանեսթ»-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթրիքին, որ պետք է տրվեր պատվիրակության անդամների պատվին:

Նշենք, որ  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ: Երեկ եւս պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրված եղել, որին էլ չեն մասնակցել ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները. այսօր նրանք եւս չեն մասնակցի ճաշին:

 

 




Լրահոս