Ռուսաստանի կառավարությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:
Պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառում (մատնահետքի հանձնում) և լուսանկարում և բուժզննում չանցած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կկայացվի ՌԴ ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշում։ Միաժամանակ քաղաքացուն տեղյակ են պահում, որ նա պետք է լքի ՌԴ տարածքը ՌԴում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման կայացման օրվանից 3 օրվա ընթացքում։ ՌԴ տարածքից չհեռանալու, ՌԴ տարածքը չլքլեու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի և ՌԴ տարածքից արտաքսման տեսքով, ինչը ենթադրում է ՌԴ մուտք գործելու 5 տարվա արգելք։
Մեզ հայտնի դարձավ, որ հետազոտություններ անցկացվում են շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացահայտման նպատակով։ Այս հիվանդությունների ցանկը հաստատված է ՌԴ առողջապահության նախարարության 2015թ. հրամանով և ներառում է հետևյալ հիվանդությունները.
1) թոքախտ.
2) բորոտություն (Հանսենի հիվանդություն)
3) սիֆիլիս
4) ՄԻԱՎ
5) COVID-19
Ի դեպ, տեղեկացնենք, որ մարտի 1-ից ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ նոր մեղմացումներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են բժշկական հավաստագրին։ Այսպես, մարտի 1–ից ինֆեկցիոն հիվանդությունների ցանկում ներառված կորոնավիրուսը հանվել է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՌԴ որոշ շրջաններում բժշկական զննում անցնելու համար անհրաժեշտ կլինի դիմել միանգամից մի քանի բժշկական հաստատություններ՝ մեկը թմրամոլության բացակայության, մյուսը՝ ինֆեկցիոն հիվանդությունների, երրորդը՝ ՄԻԱՎ վարակի բացակայությունը հաստատելու համար: Բժշկական հետազոտությունների արժեքը սահմանում է այն անցկացնող բժշկական հաստատությունը։ Օրինակ, Մոսկվայում այն կազմում է 4100 ռուբլի, իսկ շրջաններում կարող է հասնել մինչև 9000 ռուբլու։
Ս.Հ.