ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ. Օշական գյուղում)  ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ: Վերջինս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերն ու խնդիրները լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաեւ կազմակերպել եւ վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը:

 

Պարզվել է նաեւ, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների եւ դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել եւ վերաբաշխել է քրեակատարողական հիմնարկում գտնվող եւ նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը եւ խցերը, հետեւել է կալանավորների եւ դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից:

Ավելին, տարբեր անձինք եւս, ստանալով եւ կատարելով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաեւ ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող եւ կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, եւս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով եւ 223.4-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ն. Պ.

 

 

 

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԴԻՄԵԼ ՍԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ենթադրյալ կաշառք ստանալու գործով հերթական նիստի ժամանակ միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան եւ կասեցնել գործի վարույթը մինչեւ ՍԴ որոշումը։ Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է. քրեական դատավարությունը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձեւով, եւ միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։

 

Պաշտպանը պնդել է, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին եւ 63 հոդվածի 1-ին մասին։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացել է միջնորդությանը՝ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ «Մեղադրանքի վերաբերյալ մենք ունեինք առավելագույնը 10 հարց, եւ եթե դատախազները կպատասխանեին այդ հարցերին, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից»,- նկատել է  Խուդոյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր համար այդ ձեւակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի. եթե համաձայն չեք, այդպես էլ մակագրեք։ «Իմ փաստաբաններն ասում են, որ նրանք էլ չեն հասկանում մեղադրանքը։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտականություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի՞ է, թե՞ ոչ։ Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ձեւական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց»,- հայտարարել է Քոչարյանը։ Միջնորդությանը միացել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկել է՝ համարելով միջնորդությունը ոչ հիմնավորված։ Ըստ նրա՝ մեղադրանքի էությունը պետք է դատարանը պարզաբանի:

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԿԱԽՎԵԼ Է

2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից: Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաեւ համապատասխան բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետեւանքների, իր իրավունքների, ինչպես նաեւ իր կողմից ներկայացված խնդիրները եւ խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ

Այս ամսվա սկզբին Կենդանաբանական այգու մի քանի կենդանիների ազատավանդակից Ոստիկանության կողմից առգրավված կարմիր հաբերը, փորձաքննության արդյունքներով, թույն են եղել: Այս մասին հայտնել է այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը: Քննչական կոմիտեի փոխանցամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս պահին քրեական գործի շրջանակներում այգու իրավաբանը հարցաքննվում է: Հենց նա է առաջինն ահազանգել Ոստիկանություն կենդանիների ազատավանդակում կասկածելի հաբերի համար: Այս պահին դեռ չկան վարկածներ, թե ով կարող էր շահագրգռված լինել կենդանիներին թունավորելու հարցում, կամ ով կարող էր այդ վանդակում նման հաբեր դնել:

 

 




Լրահոս