ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում  նշանակված էր Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի  դատավարության հերթական նիստը։ Դատն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, սակայն դատավոր Սամվել Մարդանյանը, հայտնելով, որ այդ օրը Բերդի նստավայրում ինքն այլ դատական նիստ ունի, փետրվարի 22-ի նիստը նշանակել է Բերդում։  Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտնել է, որ նիստը չի կայացել, իրեն հայտնել են, որ 2021թ. նոյեմբերի 9-ից  կալանքի տակ գտնվող Հ. Մանուչարյանին ուղեկցող ոստիկանների խումբը ավտովթարի է ենթարկվել։ Դատական հաջորդ նիստը դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մարտի 3-ին՝ ժամը 15-ին։ Պաշտպան Ա. Թամրազյանի փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստում դատավոր Ս. Մարդանյանը մերժել է իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հ. Մանուչարյանի պաշտպանի միջնորդությունը։ 

 

Նախկինում այս դատավարությունը վարում էր  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, սակայն նա իրեն ինքնաբացարկ է հայտնել։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (Պաշտոնեական կեղծիքը)։ Հ. Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արման Թամրազյանը Բերդ համայնքի ղեկավարին կալանավորելը դիտարկում է որպես պատիժ իշխանությունների կողմից,Հ. Մանուչարյանին պատժել են նրա համար, որ նա 2020 հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին չի հարել։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հ. Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, շինարարություն է իրականացրել, եւ 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր համայնքային հողում է հայտնվել։

Հ. Մանուչարյանը ի պաշտոնե այդ մասին տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին, երբ հողօգտագործման բաժնի պետը, նրա որդու  դիմումի համաձայն, գնացել ու տեղում արձանագրել է, որ մի մասը հայտնվել է համայնքի հողում։ Վարչական վարույթ են հարուցել,  քանի որ 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվել, վարչական վարույթը կասեցվել է, այդ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Ինքնակամ կառույցի մի մասն է համայնքային հողում եղել, այդ  հիմքով ամբողջ կառույցը համայնքը դարձրել է իր սեփականությունը եւ վաճառել կառուցապատող Ա. Մանուչարյանին։ Բացի այն, որ համայնքի բյուջեն գումար է մուտքագրվել, այլեւ այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող, քարքարոտ եւ  որեւէ մեկին ոչ պիտանի տարածք է, բայց վարույթն իրականացնող մարմինը  դիտարկել է, որ այդ արարքը Քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի հատկանիշներ է պարունակում։ Պաշտպան Ա. Թամրազյանը համարում է, որ արարքում հանցակազմ գոյություն չունի։ «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքում նշված դատավարության մասին տեղեկություններ չեն հրապարակվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը եղել է լրագրողների իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ լրագրողների աշխատանքը կարեւոր է երկրում խոսքի ազատությունը պաշտպանելու, ժողովրդավարության համակարգի համար, եւ, ի վերջո, լրագրողների աշխատանքի շնորհիվ է, որ քաղաքացին տեղեկություններ է ստանում այն մասին, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, հետեւաբար այդկերպ նաեւ կարողանում է վերահսկել այդ պետական մարմիններին: Այս մասին խոսել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:  Ըստ նրա՝ դրանով են պայմանավորված նաեւ ՄԻՊ մի քանի դիմումները Սահմանադրական դատարան (ՍԴ) հենց միայն լրագրողների իրավունքների մասով: «Այդպիսի դիմումներից մեկի առիթը եղավ այն, որ Հայաստանի Ազգային ժողովը (ԱԺ) փոփոխություններ կատարեց «Պետական սահմանի մասին» օրենքում, որով լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին նաեւ լրագրողների համար: Մասնավորապես, սահմանային հատվածներում լրագրողներին արգելվում էր իրականացնել նկարահանումներ կամ այլ լրագրողական աշխատանք: Օրենքը նախատեսում է, որ դա պետք է անել հատուկ թույլտվությամբ, բայց փոխարենը նախատեսված չէին չափանիշներ: Լրագրողները հայտնվել էին անորոշության մեջ. հնարավոր չէր հասկանալ՝ ինչ չափանիշներ է պետությունը կիրառում»,- նշել է ՄԻՊ-ը:

 

 

ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ

«Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է հարգի ցանկացած ազգի ինքնորոշման իրավունքը»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը ՌԴ-ի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելու հետ կապված: «Ավելին ասեմ՝ Հայաստանը պետք է Արցախի անկախությունը ճանաչեր 44-օրյա պատերազմի արդեն առաջին օրերին: Անկախությունը չէր ճանաչվում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի, բայց բանակցային գործընթացը խաթարվեց, ադրբեջանցիները, թուրքերը, ջիհադիստ վարձկանները լայնածավալ պատերազմ սկսեցին Ադրախի դեմ, եւ որեւէ տրամաբանական, ռացիոնալ բացատրություն չկար, թե ինչու Հայաստանը այդ օրերին չճանաչեց Արցախի անկախությունը»,-ասել է նա: Այն հարցին, թե արդյոք ինքը կողմ է, որ Հայաստանը ճանաչի այդ երկու հանրապետությունները, Արթուր Խաչատրյանը պատասխանել է. «Ես սկզբունքն եմ ասում. բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի»:

Դիտարկմանը, որ կա նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետեւ մենք միշտ շեշտադրում ենք ազգերի ինքնորոշումը, սակայն կա նաեւ մյուս սկզբունքը, նա արձագանքել է. «Դուք դարձաք Նիկոլի Փաշինյանի եւ Ալիեւի ադվակատը… Տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների արհեստական հակամարտության մասին երբ խոսում ենք, ես խորհուրդ եմ տալիս կարդալ, ծանոթանալ միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական որոշման հետ՝ կապված Կոսովոյի անկախության հետ: Նրանք հայտարարել են, որ այդ սկզբունքը գործում է կայացած պետությունների շրջանակներում: Այսինքն՝ երկու կայացած պետություն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց դա չի արգելում ազգերին միակողմանի անկախություն հռչակել, եւ հենց նույն այդ սկզբունքով Կոսովոն հռչակեց իր անկախությունը եւ ճանաչվեց զգալի թվով երկրների կողմից: Նույն սկզբունքով Ղրիմն իր անկախությունը հռչակեց, ապա միավորվեց Ռուսաստանի հետ: Ես սկզբունքն ասացի, որ մենք կողմ ենք ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի բացարձակեցմանը: Այսինքն՝ Հայաստանը պետք է այդ հարցը քննարկի եւ պատեհ առիթին, ճիշտ ժամանակին որոշում կայացնի: Համենայնդեպս, «Եվրանեսթի» բյուրոյի այդ հայտարարությունը Ալիեւ-Պուտին հայտարարության նախաշեմին անելը բավականաչափ ծանր վիճակի մեջ է դնում նաեւ Հայաստանին»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:

 

 

ԱՐՑԱԽՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը»,- ասել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Այդ մասին արդեն եղել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման, նոր պետությունների ստեղծման գործընթացն անխուսափելի է, հատկապես՝ այս կամ այն ժողովրդի՝ էքզիստենցիալ սպառնալիքների գոյության պայմաններում։ Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը պայքարում է իր անվտանգ ապագայի համար արդեն ավելի քան հարյուր տարի։ Մենք հասկանում ենք անկախության հասնելու եւ դրա ճանապարհի իրավաբանական ու աշխարհաքաղաքական ձեւակերպման կարեւորությունը. հակառակ ճանապարհ այն ժողովուրդների համար, որոնք կանգնել են անկախության ձեռքբերման ուղու վրա եւ կառուցել ժողովրդավարական պետություններ՝ շատ հարցերում առաջ անցնելով նախկին «մետրոպոլիաներից», չկա, եւ նրանք անպայման պետք է ճանաչվեն։

Այո, պատմության մեջ կան դեպքեր, երբ դե ֆակտո անկախություն են ստացել այն երկրները, որոնք չեն կարողացել պետություն կառուցել եւ քաոսի եւ  կամայականության  խորխորատում են հայտնվել։ Բայց երբ ժողովուրդն արդյունավետ աշխատող, քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կառավարման ատրիբուտներով պետություն է կառուցել, թեկուզ  չճանաչված, նման պետությունների համար հետադարձ ճանապարհ լինել չի կարող։  Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը պատմական իրադարձություն է, որը պետք է ընկալվի նաեւ որպես Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու լուրջ փորձ։

Արցախի Հանրապետությունը նույնպես ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը։ Սրանք ե՛ւ պատմական, ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական, ե՛ւ  բարոյագիտական հիմքեր են։ Ընդ որում, մենք գործնականում ապացուցեցինք, որ կառուցել ենք ժողովրդավարական պետություն, որն իր ժողովրդավարական զարգացմամբ շատ ավելի առաջ է Ադրբեջանից։ Ուստի մենք կարծում ենք, որ մենք էլ պետք է ճանաչվենք միջազգային հանրության կողմից։ Եվ մենք կրկին հայտարարում ենք, որ երբեք չենք լինի Ադրբեջան պետության մի մասը, որտեղ մեզ մահացու վտանգ է սպառնում։ Մենք երբեք չենք լինի մի երկրի մի մասը, որտեղ ցեղասպանությունը ազգային քաղաքականություն եւ ռազմավարություն է, իսկ հայատյացությունը պետականաշինության փիլիսոփայություն է։ Մենք Դոնբասի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք ենք մաղթում»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։

Ն. Պ.

 




Լրահոս