«ՕՄԻԿՐՈՆԻ» ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆԹԱՏԵՍԱԿԸ BA2-Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է: Այս մասին ասել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ «Օմիկրոնի» BA2 ենթատեսակի երկու դեպք է հայտնաբերվել սեկվենավորման ընթացքում, բայց դա չի նշանակում, որ երկրում միայն այդ երկու դեպքն է, քանի որ սեկվենավորման են ենթարկվում ոչ բոլոր դրական նմուշները, ցանկացած այլ դրական թեստով մարդ կարող է վարակված լինել հենց այս ենթատեսակով: Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ նոր դեպքերի թիվը նվազել է, սակայն համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է լարված մնալ: Նա նշեց, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ախտանիշները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանիշներին՝ քթից արտադրություն, հազ, ջերմություն, կոկորդի ցավ եւ այլն: Նա խորհուրդ է տալիս նման ախտանիշներ ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:

 

ԱՆ մասնագետը նաեւ հայտնել է, որ, անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռեւս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում. «Քանի որ մեզ մոտ հիվանդացության բարձր ցուցանիշ է առկա՝ 868, եւ դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է, հայտնվել ենք մուգ կարմիր գոտում»: Ինչ վերաբերում է սահմանափակումները վերանայելուն, ասել է, որ դրանք մեղմելու վերաբերյալ մասնագիտական խմբում քննարկումներ են ընթանում. «Կան սահմանափակումներ, որոնք պետք է վերանայվեն, բայց կան միջոցառումներ, որոնք դեռեւս պետք է շարունակենք պահպանել»: Մեծահասակների համար նախատեսված հոսպիտալացման ֆոնդն այս պահին ծանրաբեռնված է եւ շատ քիչ ազատ տեղեր կան, որտեղ այս պահին կարող են հոսպիտալացվել ազգաբնակչության մեծահասակ բուժառուները: Այս մասին խոսել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը:

Ըստ նրա՝ այս պահին շրջանառվող կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի կլինիկական ախտանիշները ցույց են տվել, որ դրանով վարակվելու դեպքում հիվանդությունն այնքան էլ ծանր չի ընթանում, եւ հատկապես թեթեւ են տանում պատվաստված մարդիկ: Սակայն, ըստ բժշկի, հոսպիտալացված հիվանդները ծայրահեղ ծանր դեպքերով են, եւ, բարդություններով պայմանավորված, լինում են մահվան դեպքեր: Նաիրա Ստեփանյանի խոսքով՝ բարդությունները եւ մահվան դեպքերը «Օմիկրոն» շտամի դեպքում չեն փոխվել, նույնն են, ինչ նախորդ շտամերի պարագայում էր: Դրանք սուր սրտանոթային խնդիրներն են, գլխուղեղի ախտահարման խնդիրները, տրոմբոէմբոլիան: Նրա խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ հիվանդությունը անկանխատեսելի է, եւ բարդություններ կարող են առաջանալ անգամ միջին ծանրության հիվանդների մոտ. «Լավացումից հետո հետքովիդային շատ բարդություններ կարող են լինել: Քովիդի վարակն ախտահարում է բոլոր օրգան համակարգերը՝ սրտամկանի, անոթային եւ կենտրոնական նյարդային համակարգերը եւ այդ օրգաններում առաջացնում են խնդիրներ: Այդ իսկ պատճառով պետք չէ թեթեւ նայել եւ մտածել՝ կհիվանդանանք, կանցնի»:

Ն. Պ.

 




Լրահոս