Չնայած Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել, այնուամենայնիվ քիչ չեն նաեւ ամուր ընտանիքները: ArmLur.am-ն այս անգամ հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է այն հայ հայտնիներին, որոնց ընտանիքներն ամուր են, եւ ամուսնացած են արդեն 10 տարի, եւ հուսանք, որ այն հարատեւ կլինի:
Այսպիսով, ովքե՞ր են նրանք:
Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի ընտանիքն արդեն 12 տարեկան է: Զույգն ամուսնացել է 2009 թվականին: Նրանք ունեն երկու զավակ: Սիրուշոն մշտապես ուշադրության կենտրոնում է եւ հաճախ է կիսվում սիրելիի հետ լուսանկարներով եւ հոլովակներով:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը եւ Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին: Զույգը չնայած երկար տարիներ է, ինչ միասին է, սակայն 2021 թվականին միայն ծնվեց նրանց առաջնեկը, իսկ մինչ այս աստղային զույգը զբաղված էր շրջագայություններով եւ կարիերա ստեղծելով:
Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն արդեն 10 եւ ավելի տարիներ միասին են: Զույգն ունի երկու երեխա: Չնայած երգչուհու եւ Ավո Խալաթյանի տարիքային մեծ տարբերությանը՝ նրանք անսահման երջանիկ են:
Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանի եւ Սյունէ Համբարձումյանի ընտանիքը նույնպես 10 տարեկան է: Զույգը չնայած հաճախ ընտանեկան լուսանկարներով չի կիսվում, այնուամենայնիվ նրանք նույնպես համալրում են նախանձելի զույգերի շարքը:
Դերասան Գրիգոր Դանիելյանի եւ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը համարվում են հայկական շոուբիզնեսի ամենաամուր եւ օրինակելի զույգերից: Զույգը միասին է արդեն 10 եւ ավելի տարիներ: Նրանք ունեն երկու որդի:
Դերասան, երգիչ Գոռ Հակոբյան եւ Հրուշ Մնոյան զույգը 2021 թվականին նշեց ամուսնության 10 տարին: Զույգը մշտապես հանրության հետ կիսվում է իրենց երջանիկ ընտանիքի առօրյայով եւ երբեք չեն թաքցնում միմյանց նկատմամբ սերը: Երջանիկ զույգն արդեն ունի երեք զավակ:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքն արդեն 10 տարեկան է: Դերասանուհին օրերս նշեց ամուսնության 10-ամյակը: Անահիտը մշտապես հպարտանում է իր երջանիկ եւ ամուր ընտանիքով, քանի որ ամուսնու հետ տարիքային ահռելի տարբերությունը չխանգարեց նրանց ստեղծել գեղեցիկ ընտանիք: Զույգն ունի 4 երեխա՝ երկու դուստր, երկու որդի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին այն հեղինակներին, որոնք հետաքրքիր եւ արժեքավոր գրքեր են հրտարակել 2021 թվականին:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին, ՀԳՄ դահլիճում:
«Համավարակի եւ արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով հրատարակված գրքերի քանակը քիչ է: Դրամատուրգիա ժանրում ոչ մի գործ լույս չի տեսել: Կարծում եմ՝ արժանի գրքեր են մրցանակներ ստացել: Կան նաեւ նոր անուններ»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ առաջին տարին է՝ մրցանակները նաեւ մեդալների տեսքով են:
Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (արձակ) արժանացավ Մհեր Իսրայելյանը՝ «Մեն ու միակ մոլորակ» գրքի համար, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա) տրվեց Արեւշատ Ավագյանին՝ «Տարերքների տարերքը» գրքի համար, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը (հրապարակագրություն) շնորհվեց Վաչագան Մանուկյանին՝ (հետմահու) «Չկորցնեք լույսը» գրքի համար, Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացավ Սուրեն Դավթյանը՝ Նինա Գաբրիելյանի բանաստեղծությունների եւ Ջոն Բյնսի «Աստղային մարդ» գրքի թարգմանությունների համար, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն, գրաքննադատություն) հանձնվեց Շանթ Մկտչյանին՝ «Պատմվածքներ եւ էսսեներ» գրքի համար, Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկապատանեկան գրականություն) շնորհվեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Ներիր ինձ, բարեկամ» գրքի համար, Սեւանի ստեղծագործական տան մրցանակը տրվեց Ներսես Խառատյանին՝ «Վերջինը» վեպի համար, Ծաղկաձորի ստեղծագործական տան Ե. Չարենցի անվան մրցանակին արժանացավ Կարինե Խալատովան՝ «ըպրրՑՐՈՔվՈÿ ՋպվքՌվՈ» գրքի համար, Թումանյանի անվան մրցանակը տրվեց Վանո Եղիազարյանին՝ «Հովհ. Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի համար:
ՄԱՐԶԻՉԸ ԽՈՍԵԼ Է
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իսպանական «Վիլյառեալի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասումների մասին։ Թիմերը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը։ «Այս խաղում նորամուտը Չեմպիոնների լիգայում կնշի Վլահովիչը։ Պետք չէ մոռանալ այդ մասին։ Ես պետք է պաշտպանեմ նրան այնպես, ինչպես մյուսներին եմ պաշտպանել։ Չի կարելի շատ ծանրաբեռնել Վլահովիչին։ Նա ընդամենը 22 տարեկան է։ Մենք բոլոր մրցաշարերում ձգտում ենք ցուցադրել մեր առավելագույնը։ «Վիլյառեալը» հիմա անցկացնում է լավ ժամանակահատված։ Նրանք ունեն տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ եւ գերազանց մարզիչ։ Մենք էլ հիմա վերելքի վրա ենք։ Կլինի մարտավարական պայքար։ Պետք է ուշադիր լինենք մանրուքների նկատմամբ եւ զինվենք համբերությամբ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։ «Վիլյառեալ»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» ամռանն ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ում: Եվրոպայի Սուպերլիգայի գաղափարից չհրաժարված այս երեք ակումբները նաեւ իտալական «Միլանին» են առաջարկել ամռանը միանալ իրենց ԱՄՆ-ում։ Կորոնավիրուսի պանդեմիայից առաջ եվրոպական ակումբները ասիական եւ հյուսիսամերիկյան մրցաշրջագայություններով զգալի եկամուտներ էին ապահովում։ Նախորդ երկու տարիներին ակումբները զրկվել էին այդ հնարավորությունից եւ հսկայական ֆինանսական կորուստներ ունեցել։
ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՆՈՒՆ
«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի թեկնածուների ցուցակում թողել է երկու մասնագետի անուն։ Անգլիական ակումբն առաջիկայում կբանակցի ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի եւ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ. հաղորդում է Daily Mail-ը։ 63-ամյա գերմանացի Ռալ Ռանգնիկի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Անգլիայի առաջնության 26 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով չորրորդն է։