«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:
-Վանաձորը թեեւ ընտրված ավագանու անդամներ ունի, սակայն մինչ այս պահը քաղաքապետ չունի: Քաղաքացիները դժգոհում են, որ քաղաքում աղբահանության ու այլ շատ խնդիրներ կան: Հիմա ի՞նչ է կատարվում քաղաքում:
-Եթե մեկ ամիս առաջ աղբահանության խնդիր էր առաջ քաշվելու, այսօր այդ աղբահանության խնդրի լուծման համար աշխատող մարմիններ դեռեւս չկան, ու այդ խնդիրներն ավելի խորացել են: Իհարկե, բոլոր խնդիրներն էլ շատ կարեւոր են, բայց ամենակարեւորն այն է, որ այսօր վանաձորցիները զրկվել են, իրենց ընտրած ներկայացուցիչներով, ավագանիներով չեն կարողանում որոշում կայացնել: Վանաձորը շատ խնդիրներ ունի: Չկա զարգացման ծրագիր, չկա տարեկան աշխատանքային պլան: Աբսուրդ է այս պահին Վանաձորում, եւ, կարելի է ասել, այս ամենը՝ ի շնորհիվ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վանաձորյան ներկայացուցիչների: Նրանք առաջին անգամ դիմեցին դատարան, բողոքարկեցին եւ վերահաշվարկ պահանջեցին, վերահաշվարկ կատարվեց, իրենք ձայների ավելացում չունեցան, ապա դիմեցին Վճռաբեկ դատարան, հետո՝ Վերաքննիչ, եւ այսպես շարունակաբար: Դատարանը որոշում է կայացնում առայժմ կասեցնել առաջին նիստի կայացումը, որով պետք է ավագանին ընտրի համայնքի ղեկավարը: Բայց քանի դեռ համայնքը առաջին նիստ չի արել, բնականաբար, ավագանին որոշումներ չի կարող կայացնել:
-Այսինքն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իշխանության թե՞լն է թելում:
-Այո, խիստ համոզված եմ, որ իշխանության թելն են թելում: Նույն Էսդմոն Մարքույանը անընդհատ խոսում էր մարդու իրավունքների պաշտպանության մասին: Ես շատ լավ հիշում եմ, երբ որ վանաձորում՝ բանկերից մեկի տարածքում, ծառ էին կտրել, մի ամբողջ աղմուկ էր բարձրացվել, ծառի իրավունքի հարցն էր բարձրաձայնվում, բայց ասյօր խախտվել է վանաձորցիների իրավունքը: Վանաձորցիների որոշում կայացնելու իրավունքն է խախտվել, համայնք ունենալու, ոչ միայն Վանաձորի, այլ նաեւ խոշորացված համայնքի զարգացման ծրագիր ունենալու, բյուջե ունենալու իրավունքները խախտվել են:
-Ո՞րն է նրանց օգուտը:
-Իշխանության թելն է թելում: Այստեղ ուրիշ տարբերակ չկա մտածելու: Պարզ տրամաբանությունը դրան է բերում: Իրենք որեւէ կերպ մանդատ չեն ստանալու, քանի որ չունեն այդքան ձայն հավաքած: Նույնիսկ ծիծաղելի էր նրա առաջին բողոքի հետ կապված մեկնաբանությունը, թե տեսնում եք, եթե մենք «Ասլանյան դաշինքի» հավաքած ձայները բաժանենք դաշինքի ստացած մանդատների թվի վրա, ապա կստացվի, որ նրանց մեկ մանդատն համարժեք է 950 ձայնի եւ այլն: Բա դա արդա՞ր է, 0 մանդատ ենք ստացել: Մարդն ունի պրիմիտիվ տրամաբանություն: Չէ՞որ ինքն է ընտրել այն օրենքը, որով անցողիկ շեմը համարվել է 4 տոկոս: Այսինքն՝ մարդը պետք է պարզ հասկանա, որ առաջինը հաշվում են 4 տոկոսը, եթե հաղթահարել ես 4 տոկոսը, ապա նոր միայն մանդատների բաշխման մասին կարող ես խոսել: Նա չէ՞ր հասկանում այդքան բանը: Ուրեմն ինքը մանիպուպուլիացիով ժողովրդի ականջին հղում էր անում մի միտք, որը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ անտրամաբանական է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՍՏՈՐԱԳՐԱԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ
Քաղաքական իշխանությունները շարունակում են ազատվել այն վարչության պետերից, գեներալներից, որոնք միացել էին Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գաասպարյանի հայտարարությանը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:
Ինչպես հայտնի է 2022 թվականի փետրվարի 18-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ վարչապետի առաջարկությամբ Ռոմիկ Մարգարյանին ազատել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Եվ, ահա, մեկ տարի առաջ՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանմանՍեզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Հայտարարությունը ստորագրել էին մի շարք ՊՆ պաշտոնյաներ, որոնց մեջ էր եղել նաեւ ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱՇԽՏԱԿԱԶՄԻՆ
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի իրավաբան-փորձագետ Իգոր Միրզախանյանը դատի է տվել ՀՀ վարչապետի աշխատակազմին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որպեսզի դատարանը ստիպի աշխատակազմին վճարել աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար տրամադրվող աշխատավարձի մաս կազմող պարգեւավճարների վճարման հիմքում ներդրված խտրական չափանիշի պատճառով Հայցվորին 2021թ. հուլիսից մինչեւ սեպտեմբեր ամիսը ներառյալ չվճարված պարգեւատրումները: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 9-ին դատարանը հետ է վերադարձրել հայցը:
ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ
Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության եւ կորստի դեպքում այն օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը: Տեղեկացնենք, որ Հայաստանում վերջին տարիներին «գոլդ» պետհամարանիշերի գողության բազմաթիվ դեպքեր էին գրանցվում. Երեւանի տարբեր վարչական շրջաններից հանցագործներն ավտոմեքենաների վրայից հանում էին համարանիշերը, հետո գրություն թողնում մեքենայի վրա։ Ըստ այդ գրությունների՝ վարորդը պետք է «Տելեգրամ»-ով կամ Viber-ով կապ հաստատի նրանց հետ եւ որոշակի գումարի դիմաց հետ ստանա իր մեքենայի համարանիշերը։ Հայաստանի ոստիկանությունը ակնկալում է, որ այս ամենի արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակության դեպքերը կնվազեն: Ավելին, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Սարգսյանից տեղեկացանք, որ այս ընթացքում պետհամարանիշ կորցրած այն քաղաքացիները, որոնք ձեռք էին բերել այլ համարանիշ, իրենց ցանկությամբ դիմում են իրենց կորցրած համարանիշը ետ ստանալու նպատակով:
Նշենք, որ 2006 թվականին է փոխվել «գոլդ» համարանիշերի ձեռքբերման կարգը եւ այն դարձել վճարովի։ Մեր օրերում «գոլդ» համարանիշեր ձեռք են բերում գործարարները կամ նրանց հարազատները, այդ թվում եւ՝ պաշտոնյաներ: Եթե ցանկանում եք ստանալ որոշակի թվերի համադրությամբ պետհամարանիշ, ապա շատ հնարավոր է, որ դուք ցանկություն ունենաք ստանալու 60 հազար կամ 8 մլն դրամի կարգի պետհամարանիշ: