Շատերը կհիշեն, թե Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանն ինչ էր խոստացել այն բանից հետո, երբ «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ նրա եղբոր աշխատակիցները ծեծելով սպանել են Երեւանի բնակիչ Մամիկոն Այվազյանին: Նա ասել էր, որ դիմում է ներկայացնելու դատախազություն` խնդրելով անաչառ հետաքննություն անցկացնել: Եւ ահա, արդյունքում ոստիկանությունը կարճել է այդ քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով: Այսինքն` կա՛մ Բադալյանը ստում էր, երբ խոստացավ գրավոր հայտարարությամբ պահանջել Մամիկոն Այվազյանի սպանության բացահայտումը, կա՛մ էլ նա արեց այդ հայտարարությունը, որպեսզի կրքերը հանդարտվեն, եւ «տակից» կարողանա գործել` «փակել տալով» դաժան սպանությունը: ԱԺ պատգամավորն այլեւս չի ցանկանում հիշել այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարել էր նրան` մեկնաբանություններ ստանալու համար, սակայն Բադալյանը հարցը լսելուց հետո, ամենայն հավանականությամբ, անջատեց հեռախոսը: Համենայնդեպս, «բաժանորդի հետ կապն ընդհատվեց», եւ դրանից հետո այլեւս նրա հետ չհաջողվեց կապ հաստատել: Նա բոյկոտում է «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերը:
ԿԱՊՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ