ԱԺ ՔՊ պատգամավորներ Գևորգ պապայոանն ու Ծովինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում: Այս օրենքի ընդունման պարագայում կարգելվի տոտալիզատոր, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով:
Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից սկսել է օգտվել շահումով խաղերից: Նրանք ներկայացրել են նաեւ թվային տվյալներ. եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաեւ խաղացողների թիվը, 2018-ից 2020թ, բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը:
Նրանք նշում են, որ բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարեւոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը եւ այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով եւս հետեւի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը:
Այսպիսով, առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի , շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով , իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը , երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշենք նաեւ , որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով: Կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:
Ն.Հ.