«Հայփոստ»-ի ինկասացիայի մեքենայից գողացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր:

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը:

Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս