Ռուսաստանաբնակ ճանաչված երգիչ Վաչե Ամարյանն իր երկրպագուների համար նորություն ունի: Երգիչը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է ներկա զբաղվածության, ոճային փոփոխության եւ ոչ միայն:
-Վաչե՛, երբ նոր էիք սկսում Ձեր կարիերան, բավականին ակտիվ էիք, սակայն նկատում ենք, որ վերջին տարիներին այնքան էլ այդպես չէ: Ինչու՞:
-Վերջին տարիներին ես ավելի շատ երգեր եմ ստեղծել, քան նախկինում: Միգուցե, տպավորություն է, որ պասիվ եմ, բայց դա այդպես չէ…Իմ պասիվությունը պայմանավորված է նոր երգեր ստեղծելով, դրանց գործիքավորելով ու տեսահոլովակներ նկարելով: Այդ ամենը ես ինքս եմ անում….:
-Վաչե՛ հետաքրքիր բացահայտում էր ինչպես ինձ, համոզված եմ նաեւ մեր ընթերցողների համար:
-Այո՛, իմ երգերը ինքս եմ գրում եւ երգերիս մեծ մասն ինքս եմ գործիքավորում: Ունեմ իմ սեփական ստուդիան, որտեղ այդ ամենը կազմակերպում եմ: Կարելի է ասել օրս չի հերիքում…: Բացի այդ վերջերս սովորեցի նաեւ ռեժիսորի ու օպերատորի աշխատանքը: Հիմա արդեն ինքս եմ իմ տեսահոլովակները նկարահանում եւ մոնտաժում: Դրանք բավականին ժամանակատար են, բայց ես պասիվ չեմ՝ ակտիվ աշխատում ու ստեղծագործում եմ: Նոր տեսահոլովակների պակաս չունեմ: Շատ շուտով անակնկալներ են սպասվում իմ երկրպագուների համար, որոնք արդեն պատրաստ են ու մեկը մյուսի ետեւից կհանձնեմ հանդիսատեսի դատին: Կարծում եմ՝ շատ կսիրվեն: Աշխույժ, ռիթմիկ ու տարբերվող երգեր են: Խոսքը՝ «Մեկ ա մեկ ա» , «Ջանա՛», «Քոչարի» «Սիրահարվել եմ» երգերի մասին է, եւ ինչպես խոստացել էի կլինի հաճելի ոճային անակնկալ եւ փոփոխություն: Ուզում եմ մարդկանց ուրախացնել, պարզապես սպասում եմ աշխարհը խաղաղվի..:
-Վաչե՛, հետաքրքիր է հանրությունը Ձեզ առավել շատ սիրեց եւ ճանաչեց, երբ առաջին անգամ նկարահանվեցիք «Մեղրամիս» հեռուստասերիալում: Ինչո՞ւ կանգ առաք:
-Կանգ չեմ առել: Մտածում եմ նոր սերիալի մասին, բայց «Մեղրամիս»-ը այնպիսի արձագանք ունեցավ, որ դրանից հետո ուղղակի պիտի ժամանակ անցներ…ու հետո, երկու տարի անընդմեջ էկրանին եմ եղել… հեռուստադիտողին պետք է թույլ տալ քեզ կարոտել, որ նորից սպասի: Կարծում եմ՝ շատ չեմ սպասեցնի: Իրականում դերասանի մասնագիտությունը ես սիրել եմ, շատ եմ սիրել, բայց նախեւառաջ ես երգիչ եմ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը