Հաստատվել է նախադպրոցական հաստատության մանկավարժների ընտրության կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը։

Համաձայն կարգի՝ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում աշխատանքային 3 օրվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու պարագայում թափուր պաշտոնը համալրելու համար պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը: Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և թափուր պաշտոնը համալրվում է ոչ մրցութային կարգով, եթե պաշտոնը թափուր է ժամանակավորապես, և առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

Մրցույթի մասին հայտարարություն

Թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում, տնօրենն այդ մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Հայտարարությունը հրապարակվում է հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների ինտերնետային պաշտոնական կայքում (www.azdarar.am) և տեղական մամուլում:

Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են www.azdarar.am կայքում հրապարակման օրվանից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ովքեր կարող են դիմել նախադպրոցական հաստատության մանկավարժի համար

Մրցույթին կարող է մասնակցել տվյալ պաշտոնով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, տառապում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացումը, ինչպես նաև դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ կերպով հանցագործություն կատարելու համար:

Մրցութային հանձնաժողով

Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն, տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մանկավարժական աշխատող, լիազոր մարմնի ներկայացուցիչ, մանկավարժական աշխատող այլ հաստատությունից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Նիստն իրավազոր չլինելու դեպքում այն կարող է հետաձգվել 2 անգամ, մինչև 3 աշխատանքային օրով: Նիստի՝ 3-րդ անգամ իրավազոր չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

Մրցույթ` թեստավորման և հարցազրույցի փուլերով

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Յուրաքանչյուր փուլի համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է հարցաշար՝ կազմված 100 հարցից: Հարցաշարերը հաստատվում են ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքում:

Թեստավորման փուլի համար յուրաքանչյուր հաստատություն նախարարության կայքում հրապարակված հարցաշարի հիման վրա կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած հարցաշարի 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ամբողջական ճիշտ պատասխանն է: Թեստավորման փուլը համարվում է հաղթահարված առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանելու դեպքում:

Հարցազրույցի փուլն անցկացվում է նույն օրը՝ թեստավորման փուլի արդյունքների հրապարակումից հետո: Հարցազրույցի փուլի ժամանակ մասնակիցը պատահական ընտրությամբ հարցաշարից ընտրում է 5 հարց: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:

Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:




Լրահոս