«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարո՛ն Համբարյան, խոսենք ուկրաինական զարգացումներից. այնտեղ կատարվող իրադարձությունները Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնան. մեր հասարակությանը այսօր հուզող թիվ մեկ հարցը դա է:
-Իհարկե, շատ կարեւոր է, թե այս իրադարձություններն ում օգտին կավարտվեն: Այդ դեպքում մենք նոր կարող ենք նշել, թե այս իրադարձություններն ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա: Այս պահին մենք ոչ մի բանի վրա չենք կարող ազդել, ստիպված նստած սպասում ենք, թե ինչպես կավարտվի այս ուկրաինական էպոպեան: Եթե արեւմուտքը հաղթանակ տանի Ռուսաստանի նկատմամբ, այստեղ վերջնականապես կուժեղենա Թուրքիան, որովհետեւ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր տարածաշրջանում, կոնկրետ՝ Հարավային Կովկասում, Արեւմուտքի քաղաքականության գիծը տանում է Թուրքիան՝ որպես Արեւմուտքի ռազմաքաղաքական ամենակարեւոր ու ՆԱՏՕ-ի անդամ: Եթե այս ամենն ավարտվի օգուտ ռուսների, իհարկե, տեղի կունենան նաեւ որոշ վայրիվերումներ մեր տարածաշրջանում, որովհետեւ մենք շատ լավ գիտենք՝ 44-օրա պատերազմից հետո Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում շատ ուժեղացել էին, եւ մեխանիկորեն եթե Ուկրաինայում Արեւմուտքը եւ նրա դաշնակիցները պարտություն կրեն Ռուսաստանին, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը մեզ մոտ էլ ցանկանա եւս ձեւափոխումների գնալ եւ որոշ չափով կրճատել Թուրքիայի ազդեցությունը:
-Բայց հիմա կա՞ այդ ազդեցությունը: Այնպիսի տպավորություն է, որ տարածաշրջանն ու հատկապես Հայաստանը ամբողջությամբ ռուսական ազդեցության տակ են:
-Իսկ ես չէի ասի, որ ամբողջությամբ ռուսական ազդեցության տակ են: Այս պահից սկսած, այո: Մեր երկրի ղեկավարն առաջնորդվեց «չկա արցախյան հարց, չկա ռուսական ազդեցություն Հայաստանում» եւ երկու ոտքով ընկավ թակարդը: Պատահական չեմ համարում, որ նույն Իլհամ Ալիեւը ընդամենը ուկրաինական այս օպերացիայից մեկ օր առաջ կանչվեց Մոսկվա, եւ նրան ստորագրել տվեցին ռազմավարակական գործընկերության մասին համապատասխան փաստաթուղթը: Սրանով նախ Ռուսաստանը փորձեց ու փորձում է քանդել թուրք-ադրբեջանական տանդեմը, որը գործում է մեր տարածաշրջանում, եւ հասկացնել տվեց Ադրբեջանին, որ եթե հանկարծ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ադրբեջանն ինչ-որ քայլ ձեռնարկի, ապա կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ նույն Ադրբեջանի համար: Այո, հիմա Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը գտնվում է մի քաղաքական ուժի ձեռքում, որը ձեռնտու է բոլորին, այդ թվում նաեւ, ինչու չէ, ռուսներին, քանի որ մինչ այդ Հայաստանում չի եղել քաղաքական ղեկավարություն, որը կբարարարեր բոլոր կենտրոններից Երեւանին եկող ազդակներն ու պահանջները:
-Պարո՛ն Համբարյան, այն տպավորությունը չունե՞ք, որ Ռուսաստանը գնում է ԽՍՀՄ քարտեզը նորից գծագրելու ճանապարհով:
-Խնդիրը հետեւյալն է, որ Ռուսաստանը ցանկանում է ամենաառաջինը ապահովագրել իր անվտանգությունը: Երկու օր առաջ Պուտինի ելույթը եւ նրա անդրադարձը պատմական գործընթացներին 99,5 տոկոսով ճշմարտություն էին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երեւան այցելած Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրքիշիլին եղել են Կապույտ մզկիթում, լուսանկար տարածել ու գրառում արել՝ նշելով. «Մենք եղանք Կապույտ մզկիթում։ Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»։
ArmLur.am-ը զանգահարեց Կապույտ մզկիթ եւ հետաքրքրվեց՝ տեղյակ են արդյոք, որ ադրբեջանցի պատգամավորներն իրանական ճարտարապետական կոթողն անվանել են «ադրբեջանական հուշարձան»:
Պարզվեց «Կապույտ մզկիթում» վրդովված են, աշխատակիցը, որը պատասխանեց մեր հեռախոսազանգին, կարողացավ հայերեն ներկայացնել իր վրդովմունքը: Բացի այս, իրականությունը խեղաթյուրող ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը երեք՝ հայերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներով արձագանքել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Անգլերեն լեզվով գրառման մեջ նշված է. «Իրանական արվեստի խորհրդանիշը՝ Կապույտ մզկիթը, վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի եւ հավաքատեղի, ինչպես նաեւ զբոսաշրջային գրավչություն»: Իսկ հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը եւ ինքնությունը:
Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։
Ի դեպ, դեսպանությունը «Թվիթերի» էջում արված այս գրառումներում հատուկ նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչու չեն արձագանքել ադրբեջանցի պատգամավորներին, եւ արդյոք արձագանք կլինի, թե ոչ: ԱԳ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ նախարարությունից մեզ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԵՍԱԿԵՏՆԵՐ՝ ԱԺ-ԻՑ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինան ապառազմականացնելու ու հատուկ գործողության սկսելու մասին։ Առավոտից էլ հաղորդվում է Կիեւում եւ Ուկրիանայի այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն տեսակետին է, որ այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը պետք է ձեւավորվի՝ հաշվի առնելով թե՛ Արցախում տեղի ունեցող գործընթացները, թե՛ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքն ու Եվրամիության, ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություննեը: Ուրկաինայում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանը, հաշվի առնելով արցախյան հակամարտության հանգամանքը, մշտապես է կարեւորել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Պատգամավորի խոսքով՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանարապեությունը պարտավոր էր ճանաչել Արցախի անկախությունը, ու երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, վարձկանների ներգրավմամբ, հարձակվել էր Արցախի խաղաղ բնակչության վրա, հայկական կողմը պարզապես պարտավոր էր ճանաչել Արցախի անկախությունը, ինչը անելու բավարար վճռականություն չունեցավ: Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչել-չճանաչելու, ինչպես նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործընթացների մասով հետաքրքիր էր նաեւ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը լսել, սակայն խորհրդարանի մեծամասնության անունը կար, ամանում չկար: Հարցի առնչությամբ օրեր առաջ իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ էինք զրուցել: «Հայաստանն արտաքին քաղաքականության առումով կաշկանդված չէ ու ցանկացած երկրի հետ հարաբերությունները կառուցում է երկուստեք հետաքրքրությունների շրջանակներում»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:
ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ
Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այս երկրի չեզոք կարգավիճակի եւ իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը ձեւակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է եւ զենքի տեղակայումից հրաժարումը: Հարց է առաջանում՝ արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- պարզաբանել է Պեսկովը: