Փոփոխություններ երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրել է․

Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում՝ ելնելով դիտարկված խնդիրներից, նաև նոր չափորոշչի տրամաբանությունից։

Խոսքը 1640-Ն և 388-Ն կարգերի մասին է։ Ըստ այդմ, սահմանվել է, որ.

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար:

Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պարապմունքների ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին աշխատանքային օրը։Առաջնահերթության իրավունքը գործում է տասնչորս օրվա ընթացքում։ Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող սովորողների ընդունելությունը իրականացվում է առանձնացված էջով և ժամկետում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ Նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:

Փոփոխություններ են իրականացվել նաև իններորդ դասարանի քննությունների հատվածում, սահմանվել է, որ 2-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան, ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում՝ տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար:




Լրահոս