ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարում քաոսային իրավիճակ է ստեղծվել. կոալիցիոն ուժերը դարձյալ սկսել են միմյանց չվստահել: Իրավիճակը հատկապես սրվեց Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո, որտեղ նա չէր բացառել իր վերադարձը քաղաքականություն: Դրան անմիջապես հաջորդեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե Քոչարյանը բարոյական ու քաղաքական իրավունք ունի դա անելու: Բացի այդ, չնայած 2013թ. գործող նախագահին սատարելու մասին կոալիցիոն հայտարարությանը, Ծառուկյանը նշել էր, թե խորհրդարանական ընտրություններից առաջ վաղ է խոսել, թե նախագահի ընտրություններում ԲՀԿ-ն ում կսատարի: «Այդ մասին հաջորդ դասին»,-իր հայտնի խոսքերը կրկնել էր նա: Հիմա Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում լուրջ խառնաշփոթ է սկսվել. նրանք կրկին չեն վստահում ԲՀԿ-ին, եւ մտավախություն կա, որ լուրջ ֆինանսական ռեսուրսների տիրապետող այս կուսակցությունն ընտրություններից առաջ՝ հարմար պահի, դուրս կգա իրենց վերահսկողությունից: Իսկ դա ակնհայտ է, որ կհանգեցնի առնվազն ՀՀԿ-ից լուրջ ձայներ տանելուն, էլ չասած ներպալատական հեղաշրջումների մասին, մանավանդ, որ դրա մասնագետ Ռոբերտ Քոչարյանի անունը կապում են ԲՀԿ-ի հետ:«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` շաբաթվա սկզբին Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ եւ ասել, որ հիմա սեթեւեթանքների ժամանակը չէ, որ ԲՀԿ նախագահը թուղթ է ստորագրել ու պարտավոր է կա՛մ տեր կանգնել ստորագրությանը, կա՛մ դուրս գա կոալիցիայից: Թե ինչ պատասխան է տվել Ծառուկյանը, «Ժողովուրդ»-ին առայժմ պարզել չհաջողվեց, սակայն տեղեկացանք, որ շատ նեղ շրջապատում վերջինս ասել է, թե պետք է մինչեւ փետրվար ժամանակ ձգել, եւ ինքը կփորձի դա անել:Այս ամենին զուգահեռ` ուշագրավ էր երեկ ողջ օրվա ընթացքում ինտերնետային կայքերի միջեւ սանձազերծված ինֆորմացիոն պատերազմը: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի, մյուս կողմից Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի, իսկ ավելի կոնկրետ՝ նրա փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող կայքերում ուշագրավ հրապարակումներ եղան: Քոչարյանաբհկական կայքերում սուր քննադատություն էր Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի հասցեին, որ Բաղրամյան 26-ում հանգում են նոր կոալիցիոն հուշագրի ստորագրմանը, բայց թղթերով հնարավոր չէ երկիր կառավարել, որ Ս.Սարգսյանի գլխավոր պրոբլեմն իր մերձավոր շրջապատն է: Նույնիսկ ակնարկներ կային, որ որոշ երկրներում իշխանափոխությունը կատարվեց սահուն կերպով, իսկ ԱՊՀ որոշ երկրներում էլ այն ավարտվեց գնդակահարություններով: Այս վերջին ձեւակերպումը կարելի է զգուշացում որակել: Օրվա երկրորդ կեսին Ս.Սարգսյանի մերձավոր շրջապատի, այսինքն՝ փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներից մեկում պատասխան հրապարակում եղավ, վերջում նաեւ ներկայացված էին սոցհարցման արդյունքներ: Դրանով Ծառուկյանին հասկացվում էր, թե «այլ հավասար պայմանների փոփոխության դեպքում ինչ է սպասվում ԲՀԿ ընտրազանգվածին»: Այնտեղ ՀՀԿ վարկանիշը 35,4 տոկոս է, ՕԵԿ-ինը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ 7,8,  իսկ ահա ԲՀԿ-ինը՝ 1,6: Նույնիսկ Կարապետիչի կուսակցությունը, այդ գծագրի համաձայն, 2,9 տոկս ձայն ունի՝ մոտ երկու անգամ ավել ԲՀԿ-ից: Այսինքն՝ երեկ Բաղրամյան 26-ից հասկացրին, թե ինչ կարող է լինել ԲՀԿ-ի հետ, եթե վերջինս դուրս գա կոալիցիայից կամ փորձի չենթարկվել: Առավել եւս, կյանքը մեկ անգամ ցույց տվեց, որ երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, նրա նախարարներն ու գործարար պատգամավորները, հանուն իրենց բիզնեսի ու պորտֆելների, րոպեների ընթացքում պարզապես մոռացան իրենց երբեմնի կուսակցությանն ու նրա առաջնորդին: ԲՀԿ-ին եւս կարող է այդ հեռանկարը սպասվել:Ինչեւէ, երեկվա օրն ուշագրավ ավարտ ունեցավ. ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ասում են՝ Ս.Սարգսյանը եղել է բավական լարված: Երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեցինք որոշ տեղեկություններ փոխանցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստից, վերջինս, հղում անելով իր կնոջը պատկանող կայքին, ասաց, որ այնտեղ արդեն մեկնաբանել է, որ քննարկվել են ներքաղաքական հարցեր: Հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, Շարմազանովը չմանրամասնեց` հավելելով, որ որեւէ հարցի կապակցությամբ որոշում չի կայացվել, եւ ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն: Իսկ ճի՞շտ է, որ Ս.Սարգսյանը նիստի ժամանակ խոսել է նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին: «Ճիշտն այն է, ինչ ես արդեն ասել եմ»,-պատասխանեց Շարմազանովը:Իսկ մինչ այդ` առավոտյան, ներկոալիցիոն հարաբերություններում խժդժությունների մասին լուրերն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրուկ հերքում էր` ասելով, որ նման խնդիր չկա: Ներկոալիցիոն խնդիրները մեզ հետ զրույցում բացառեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` հերքելով ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին լուրերը: Սա նշանակում է, որ խմորումներն ավելի վերեւում են ընթանում, եւ «ներքեւներում» այնքան էլ չեն տիրապետում իրավիճակին: Թեպետ ավելի լավ կլիներ` գոնե լռեին:Իրոք, իշխանական ճամբարն ուշագրավ ճաքեր է տալիս ու հայտնվել է իսկապես աննախանձելի վիճակում: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս