Ուկրաինա-ՌԴ նոր պայմանավորվածությունն ու նախագահների հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։

«Ցավոք, Ուկրաինան դեռ չունի այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են: Որոշումներ կան միայն հումանիտար միջանցքների վերաբերյալ»,- «Ռոյթերին» ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ռուս պատվիրակները ևս հաստատել են, որ համաձայնել են ելքեր ստեղծել խաղաղ բնակիչների համար։

Իր հերթին երեկ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ասել է, թե ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են:

Պուտինը պնդել է, որ «ռազմական հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի և գրաֆիկի, դրված բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվում են:

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը դիմել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին։

«Ի՞նչ ես ուզում մեզնից, հեռացիր մեր երկրից: Հիմա չես ուզում հեռանալ, արի նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Ես ազատ եմ, նստիր ինձ հետ, միայն թե ոչ 30 մետր հեռու, ինչպես Մակրոնին, Շոլցին և մյուսներին ես դիմավորում: Ես հարևան եմ, խոսիր ինձ հետ», – կոչ է արել Զելենսկին։

Ն.Հ.




Լրահոս