Փետրվարի 21-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին, եվրոպական երկրներն իրար հետեւից հայտարարություններ են անում ու հայտնում Ռուսաստանի Դաշնության հանդեպ սանկցիաների մասին: Իրավիճակը հատկապես սրվեց փետրվարի 24-ի առավոտյան, երբ Վլադիմիր Պուտինն արդեն բացահայտ հայտարարեց հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այսինքն՝ միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր եւ հայտարարում է կապերը խզելու մասին, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը նման աջակցություն չստացավ, եւ Ադրբեջանի հանդեպ նման լուրջ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք: Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները առնչվում են ռուսաստանյան ընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց:
Առանձին երկրներ իրենց հերթին Ռուսաստանի հետ կապված հայտարարում են այս կամ նախագծի հնարավոր դադարեցման եւ ռիսկերի մասին։ Այդ թվում, ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, գերմանական կողմը կարող է ամբողջությամբ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի ծրագիրը: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Գերմանիա մղել: Ռուսական տնտեսությունը անմիջապես «արձագանքեց» այս իրավիճակին։ Առաջին հարվածը ռուսական ռուբլին է կրել, որը արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 76.77 ռուբլի, փետրվարի 23-ին՝ 80.42 ռուբլի, մինչդեռ դրանց նախորդող օրերին 75-76 ռուբլու սահմաններում է եղել։ Ռուսական բորսաներում արժեթղթերի անկում է գրանցվել։
Եվրամիության պատժամիջոցների ցանկում են Պետդումայի բոլոր 351 պատգամավորները, մի քանի բանկեր եւ 27 ֆիզիկական ու իրավաբանական անձինք։ Եվրամիության պատժամիջոցների ցանկում են Կրեմլի բարձրաստիճան չինովնիկներ, բանկիրներ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «Վագներ» ռազմականացված կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչներ Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի պատգամավորների, հինգ բանկերի եւ Պուտինի մերձավոր շրջապատից մեծահարուստ գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Բորիս եւ Իգոր Ռոտենբերգների դեմ։ Պատժամիջոցներ են սահմանել նաեւ Ճապոնիան եւ Ավստրալիան։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ ռուսական պարտատոմսերի տեղաբաշխման արգելք է սահմանվում։ Ռուսաստանի մի շարք քաղաքացիների վիզաներ չեն տրամադրվի, սառեցվում են նրանց հաշիվները։ Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի 7 անդամների նկատմամբ` ընդլայնելով նախկին պատժամիջոցները։
Ըստ Bloomberg կայքի՝ Ռուսաստանի 23 խոշոր գործարանների ֆինանսական միջոցները 32 միլիարդ դոլարով կրճատվել են։ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսը ուսումնասիրում եւ վերլուծում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ակտիվների արժեքը։ Երեկ եւս ՌԴ հանդեպ պատժամիջոցների մասին նոր հայտարարություն եղավ: Ըստ այդմ, Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել:
Իսկ ի՞նչ իրավիճակ էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ շրջանում միջազգային հանրության կողմից ավելի շատ երկու կողմերին զսպող հայտարարություններ էին արվում: Կոչ էին անում պատժամիջոցներ կիրառել նաեւ Թուրքիայի հանդեպ, սակայն ինչ եղավ արդյունքում: Նիդեռլանդների խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերին հայտարարեց, թե մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիեւայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաեւ հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: Իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԹՌԻՉՔՆԵՐԸ
Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ֆոնին Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին: Թուրքական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում ցամաքային եւ օդային ռազմական գործողություններ է սկսել: Կա նաեւ ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Թուրքիան այժմ փորձում է տարհանել Ուկրաինայում գտնվող իր դիվանագետներին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից: Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային հորդորել էր աջակցություն ցուցաբերել Կիեւին։ Այդ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ:
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵՑ
Համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
ՆԱՏՕ-Ի ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետեւանքն է, եւ կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական եւ ժողովրդավարական լուծումների վրա։ «Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է։ Մենք չենք կարծում, որ պատերազմի անցնելը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել եւ քաղաքական եւ ժողովրդավարական լուծում գտնել»,-գրել Է նա:
ԲՐՈՒՑԵԼՅՈԶԻ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում բրուցելյոզի դեպքերի քանակն ավելացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջնակի հաստատված բրուցելյոզի դեպքերի քանակը նախորդ տարի կազմել է 253 ք, որից 62-ը կանանց մոտ է հայտնաբերվել: Ընդամենը 46 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկան անձանց մոտ: Ի դեպ, որ առաջնակի հաստատված բրուցելյոզի արձանագրված 253 դեպքերից 194-ը գրանցվել է գյուղերում: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2020 թվականին առաջնակի հաստատված բրուցելյոզի 132 դեպք է արձանագրվել. ուղիղ 121-ով ավելացել են դեպքերի քանակը, իսկ առաջնակի հայտնաբերման քրոնիկ բրոցելյոզի դեպքերի քանակը 2020 թվականին կազմել են 14, 2021-ին արդեն այն դարձել է 23: Նշենք, որ բրուցելյոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից կամ ախտահարված կենդանական ծագման մթերքների օգտագործման ժամանակ: Իսկ բնակչությանը կենդանիների եւ մարդկանց համար բրուցելոզ հիվանդությունից պաշտպանելու համար հանրապետությունում պետք է իրականացվի հիվանդության կանխարգելման եւ վերացման միջոցառումների հետեւողական ծրագիր: Բայց արդյոք պատշաճ իրականացվում է դա, թե ոչ: Համենայնդեպս, այս ցուցացնիշները վկայում են հակառակի մասին:
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: Մեր տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար, սակայն նա միակը չէ: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը եւս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան, նոր ստեղծվելիք դատարան է ցանկանում գնալ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը: Եվ, ահա, ArmLur.am-ին եւս մեկ դատախազի անուն է հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք դատարան է ցանկանում գնալ ՀՀ զինվորական դատախազության Երեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Սարգսյանը: