ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1324 ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ 2021թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործությունների 1324 դեպք, որը, նախորդ տարվա համեմատ, ավելի է 65-ով կամ 5,2%-ով: Զուգահեռ 6.5 տոկոսային կետով աճել է նաեւ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով  67.7%: 50%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն էապես բարելավվել է՝ 2020թ.  53.3 %-ի դիմաց կազմելով 77.8 %: Մարզում արձանագրվել է սպանության 5 եւ սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են: 16.9%-ով նվազել են ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 8.5%-ով։

 

Գողության դեպքերը նվազել են 15.9%-ով, ընդ որում՝ զգալիորեն՝ 43.1%-ով նվազել են բնակարանային գողությունները: Մարզի դատախազը դա պայմանավորել է այս բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության նախաձեռնությամբ ոստիկանության եւ ՏԻՄ-ների հետ գործակցությամբ իրականացված զգալի աշխատանքներով։ Արձանագրվել է մարմնական վնասվածքներով ՃՏՊ 229 դեպք, որոնց արդյունքում 316 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դրանցից 13-ի հետեւանքով մահացել է 20 անձ: Մահվան ելքով ՃԵԿ խախտումներն աճել են 62.5%-ով։ Ընդհանրապես հանցագործությունները ծնող պատճառների վերացման նպատակով 2021թ. դատախազության դատախազների կողմից իրավասու մարմիններին, կազմակերպություններին ներկայացվել է 61 միջնորդագիր, որոնց արդյունքում առանձին ուղղություններով ուժեղացվել է ոստիկանության հսկողությունը, թերացած պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Բացի այդ, դատախազության դատախազների կողմից 2021թ. 104 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 158 գրավոր ցուցում, իսկ հետաքննության մարմիններին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, նախաքննական մարմնի հետ սերտ համագործակցություն ապահովելու 43 հանձնարարական: 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 42 քրեական գործ, որոնցից 4-ը՝ բողոքի քննարկման արդյունքում: Դատախազների կողմից կայացվել է անձանց նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին 5, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին՝ 2, քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին՝ 7, քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին՝ 8 որոշում: Դատախազների հաստատած մեղադրական եզրակացություններով 243 քրեական գործ՝ 309 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, ինչը շուրջ 15%-ով ավելի է 2020թ. համեմատ: 2021թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից կատարվել է 324 ուսումնասիրություն: Հայտնաբերվել են խախտումներ, որոնցից մեկով քրեական գործ է հարուցվել: Ուսումնասիրությունները վերաբերել են պետական եւ հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հարկերի եւ պետական տուրքերի, կրթության եւ գիտության, առողջապահության, տարածքային կառավարման եւ ՏԻՄ-երի գործունեության, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի, ձեռնարկատիրական գործունեության լիցենզավորման եւ այլ ոլորտներին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանների բողոքը վերջինիս պափանման միջոցը կալանավորումը փոխելու մասով, ասել է թե՝ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ  վերջինիս պաշտպանները  վաղը բողոք կներկայացնեն ՀՀ վճռաբեկ դատարան: Սա արդեն երրորդ դեպքն է, որ դատարանը Աղվան Հովսեփյանին թողնում է կալանքի տակ: Աղվան Հովսեփյանը 4 ամիս է՝ գտնվում է Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար` երբ է դատախազությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկում դատարան, ինչին ի պատասխան լրատվականից հայտնել էին. «Հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»: Ի դեպ, քրեական գործը կրկին Հակակառուպցիոն կոմիտե ուղարկելուց հետո որեւէ քննչական գործողություն Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ չի իրականացվել:

ArmLur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Սակայն ինչպես նկատում ենք, այս խմորը դեռ շատ ջուր կուզի, եւ իրավիճակը ցույց է տալիս, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լավ չի աշխատել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Նախօրեին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հաղորդում են ընդունել, որ ժամը 17.50-ի սահմաններում մթերային խանութի մոտ են եկել Լեռնապատ գյուղի 2 բնակիչ, ապա նրանցից մեկը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է զենք եւ երկու անգամ օդ կրակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ, իսկ կեսգիշերն անց հայտնաբերվել է կրակոցներ արձակած 65-ամյա տղամարդը։ Նրա որդին ոստիկաններին է ներկայացրել հոր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացանը։ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են։

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝  ընդդեմ Կարեն Սամվելի Աթաբեկյանի, եւ խնդրել քաղաքացիական հայցով պատասխանողից բռնագանձել  685 հազար 484 դրամ, որից մայր գումարը՝ 342 հազար 742 դրամ, տուգանքը՝ 342 հազար 742  դրամ, 2021թ. օգոստոսի 18-ից մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը Կ. Աթաբեկյանից բռնագաձել նոր առաջացած վարձավճարի եւ տուժանքների գումարը՝ պայմանագրի դրույթներին համապատասխան։ Այդ քաղաքացիական հայցով դատարանին նաեւ խնդրել է լուծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Կարեն Աթաբեկյանի միջեւ 2008թ. մայիսի 8-ին կնքված անտառային  հողերի վարձակալության պայմանագիրը եւ դրա հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեում նշված անշարժ գույքի նկատմամբ իրականանացված վարձակալության  իրավունքի պետական գրացումը, հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել նախապես վճարված 23 հազար 860 դրամ պետական տուրքի գումարը։ 2021թ. սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում դատավոր Աշոտ Ջավախյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեկ այլ հայցադիմում ներկայացրել է ընդդեմ Սոս Գրիշայի Օքմինյանի՝ պարտավորությամբ սահմանված գումարի բռնագանձման, վարձավճարի փոփոխության, անհնարինության դեպքում՝ վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման պահանջներով։ Դատավոր Աշոտ Ջավախյանի որոշմամբ սույն քաղաքացիական հայցը 2021թ. հոկտեմբերի 28-ին ընդունվել է դատարանի վարույթ: Երկու քաղաքացիական հայցերով էլ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում են նախնական դատական նիստեր։

 

ՇԱՐԺԱԿԱՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում Բերդ համայնքում նախատեսվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ շարժական ծառայություն ներդնել: Դրա նպատակն է  լաբորատոր-գործիքային ախտորոշման ծառայությունը հասանելի դարձնել համայնքի բնակավայրերի բնակիչների համար: Ծրագիրն իրականցվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքապետարանն  ակտիվորեն ներգրավված է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության մոդելի մշակման եւ կառավարման գործընթացներում: Բերդ համայնքի բուժհաստատությունների տնօրենների եւ ներկայացուցիչների հետ քննարկվել ու վերջնականապես ճշտվել  է լաբորատոր-գործիքային ախտորոշման ծառայության մոդելը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս