Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ մանրակրկիտ ներկայացված են ՄԻՊ գրասենյակի մոնիտորինգի արդյունքները եւ եզրահանգումները` ՀՀ սահմանամերձ տարածքներում բնակվող քաղաքացիների կրած կորուստների եւ վտանգների մասին: «ՀՀ բնակիչների համար լրջագույն խնդիրներ են առաջացել գյուղատնտեսական վարկային պարտավորությունները կատարելու հետ կապված, այն է՝ պատերազմի հետեւանքով նրանք կորցրել են հողատարածքներ, կենդանիներ եւ այլն, սակայն դրանց համար տրամադրված վարկային պարտավորություններից չեն ազատվել, ինչպես նաեւ չի տրամադրվում համարժեք փոխհատուցում: Օրինակ՝ Տեղ համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ 6.500.000 ՀՀ դրամ որպես վարկ տրամադրված գումարով ձեռք է բերել 120 ոչխար, որոնք պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել: Ըստ բնակչի՝ իրեն տրամադրվել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ դրամական աջակցություն:
Մեկ այլ դեպքում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում արկի հարվածից անկել է բնակչի 18 խոշոր եղջերավոր կենդանի, որոնք ձեռք է բերել գյուղատնտեսական վարկերով: Սյունիքի մարզպետարանից վնասի չափը հաշվարկվել է 6.300.000 ՀՀ դրամ գումար, սակայն փոխհատուցում չի տրվել, իսկ վարկային կազմակերպությունն ու բանկը, դիմելով դատարան, շարունակում են պահանջել վճարել վարկերի գումարը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղական բնակավայրի բնակիչը բանկերից բարձր տոկոսադրույքով վերցրել է վարկեր, ձեռք է բերել վարելահողեր եւ սերմացու՝ ակնկալելով, որ ստացած եկամտի շնորհիվ կկարողանա վճարել վարկերը: Արդյունքում պատերազմի հետեւանքով հողատարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ չի կարողանում վճարել վարկերը, քանի որ կորցրել է եկամուտի միակ աղբյուրը: Ավելին, նախկինում՝ մինչեւ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմը, Սյունիք եւ Գեղարքունիք համայնքների վերը նշված հողատարածքները բնակիչները օգտագործել են կենդանիներին արածեցնելու համար այն տարածքներում, որոնք ներկայում կամ ուղղակիորեն վերահսկվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից կամ գտնվում են ուղիղ նշանառության տակ։ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք գործունեությունը բացահայտել է նաեւ դեպքեր ադրբեջանական զինված ծառայողների կողմից խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների գողության կամ հափշտակության: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ հովիվներն անփույթ չեն, պատճառն այն է, որ սովորաբար կենդանիները սովոր են արածել այդ տարածքներում, որտեղ նախկինում արածել են: Նշված արոտավայրերն այնպիսին են, որ բավականին դժվար եւ անիրագործելի է կենդանիների նկատմամբ բավարար հսկողություն իրականացնելու համար: Սահմանային բնակավայրերի բնակիչներից ստացվել են բողոքներ եւ ահազանգեր՝ կապված ադրբեջանական զինված ծառայողների կողմից իրենց կենդանիները հափշտակելու հետ: Այսպես, 2021թ. օգոստոսի 16-ին Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սերս գյուղական բնակավայրի բնակիչներին պատկանող 80 խոշոր եղջերավոր կենդանի Գոգի լեռան լեռնամարգագետնային հատվածից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, եւ դրանցից 75-ը հափշտակվել են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Կենդանիները բնակիչները ձեռք են բերել գյուղատնտեսական վարկերով: Նշված անձանցից բացի, ադրբեջանական զինված ծառայողները հափշտակել են Կութ գյուղի 3 բնակչի թվով 80 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Օրինակ՝ 2021 թվականի փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչը գյուղի մոտ արոտավայրում արածեցրել է ընդհանուր 185 մանր եղջերավոր կենդանի, արածեցման ժամանակ կենդանիներից մի քանիսը մոտեցել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, ինչից հետո ադրբեջանական զինված ծառայողներն ապօրինի կերպով 185 ոչխարներից 173-ը հափշտակել են։ Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի եւ զինված ուժերի բանակցությունների արդյունքում։
2022 թվականի հունվարի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող նույն օրը գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղական բնակավայրի բնակչին ու նրան պատկանող մոտ 400-450 ոչխարներին: Այս ահազանգը եւս մեկ անգամ եւս վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության եւ սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված բոլոր դեպքերն ակնհայտորեն վկայում են ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված եւ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների խախտման մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության այլ իրավունքներին: Մտահոգիչ է, որ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում մարզերի բնակիչներին փոխհատուցումներ տրամադրելու հարցում, եւ մինչ օրս առկա չեն հստակ մեխանիզմներ մարզերի բնակիչներին կրած կորուստների համար համարժեք փոխհատուցումներ տրամադրելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հնարավոր է ստեղծվի Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա գործակցության ձեւաչափ:
«Այն, ինչ ստորագրվեց փետրվարի 22-ին, ըստ էության, եթե նայենք մեր տեսանկյունից, պատմական ձեռքբերում է, քանի որ երկու հզոր երկրների՝ երկու հարեւանների հետ Ադրբեջանն ունի դաշնակցային հարաբերություններ: Ես կարծում եմ, որ որեւէ այլ երկիր դրանով չի կարող պարծենալ: Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մյուսը՝ ՀԱՊԿ փաստացի ղեկավար երկիր: Ըստ էության, դա ձեռքբերում է: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն ձեւավորվում է դե ֆակտո նաեւ գործակցության եռակողմ ձեւաչափ»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ եռակողմ ձեւաչափը դեռ ձեւավորված չէ, դեռեւս հանդիպում չի անցկացվել արտգործնախարարների եւ նախագահների մակարդակով, բայց ձեւավորման գործընթացն արդեն գնում է: «Ձեւավորվում է գործակցության եռակողմ ձեւաչափի ստեղծման գործընթաց՝ հիմնված ընդհանուր շահերի, պրագմատիզմի, կառավարման համակարգերի ընդհանրության, արժեքների ընդհանրության վրա: Եվ մեզ շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի եւ Պուտինի միջեւ կան շատ վստահելի հարաբերություններ, նրանք երկուսն էլ հանրային կերպով այդ մասին խոսում են: Այնպես որ, կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կձեւավորենք այդ հարաբերությունները: Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի դաշնակիցն է, ապա առաջ է գալիս հաջորդ քայլը: Իհարկե, դա մեր գործը չէ, բայց մենք միշտ մեր կողմից աշխատել ենք այն ուղղությամբ, որպեսզի մոտեցնենք երկու երկրների շահերը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Ալիեւն ասել է, որ դրանք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: «Բազում տարիներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները ինչպես իմ, այնպես էլ նախագահ Պուտինի կողմից բնութագրվել են որպես ռազմավարական գործընկերների հարաբերություններ: Հարաբերությունների այսօրվա ձեւաչափը ամենաբարձրն է, այսինքն` դրանից բարձր գործնականում չկա, եւ միջպետական հարաբերություններում դա այսբերգի գագաթն է, եթե կարելի է այդպես ասել»,- ասել է Ալիեւը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը պատրաստվել է ավելի քան մեկ տարի՝ 2021թ. հունվարից: Այս պահին, նրա խոսքով, մշակվում են հռչակագրի շրջանակում այլ փաստաթղթեր:
Ն. Պ.
ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրանեսթ»-ի շրջանակներում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երեւանի Կապույտ մզկիթ եւ խեղաթյուրել իրականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին, սոցցանցում գրել է. «…Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»:
Ադրբեջանցի պատգամավորներին թերեւս պետք է ծանոթացնել պատմության եւ պատմական փաստերի հետ, որոնք հետեւողականորեն շրջանցվում են: Երեւանում Կապույտ մզկիթը կամ պարսկական Գյոյ-ջամին կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Հայաստանի եւ Իրանի բարեկամության խորհրդանիշներից մեկի՝ Կապույտ մզկիթի պատերի պատմական արձանագրությունները եւս սրա վկայությունն են։ Եւ ասօր էլ Երեւանի կենտրոնում գտնվող մզկիթը շարունակում է մնալ կրոնական եւ մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների եւ զբոսաշրջիկների համար։ Միգուցե ադրբեջանցիներին անծանոթ է այլ երկրի մշակութային եւ կրոնական արժեքների պահպանումը, նրանց հարազատ է ցեղասպանի, ոչնչացնողի հոգեբանությունը, որպեսզի ամեն ինչ կարողանան հետագայում իրենց վերագրել, բայց պատգամավորների այս պահվածքը զավեշտալի է, իսկ Երեւանը Իրեւան գրելը՝ խիստ անընդունելի։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի պատգամավորները եվրոպական միջխորհրդարանական ձեւաչափով են Հայաստանում, սակայն տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը։
Ու քանի որ աշխարհը լուռ է, ադրբեջանցի պատգամավորները Երեւանի կենտրոնում հայտարարում են, որ շուտով մզկիթի «իրական տերերը» վերադառնալու են. ու՞ր եք գալու…Հիմա էլ լռե՞նք»,-գրել է պատգամավորը: