ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենդանաբանական այգու աշխատակիցները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում  Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով: «20 օրից ավելի է, ինչ կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է տիրում: Կենդանիների անկում է, իրականացվում է կադրային ջարդ, ու պատկան որեւէ մարմնից ոչ մի բացատրություն չկա: Մեր պահանջն է հարցի շուտափույթ լուծումը, որովհետեւ այս ամենը կործանարար է: Տնօրենը պետք է շատ արագ փոխվի: Այգում այսօր պատահական մարդիկ են աշխատում, չի՛ կարելի: Փողոցից պատահական մարդիկ չեն կարող այդ հիմնարկում աշխատել: Բոլոր մասնագետներին հանել են: Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ մոտ մեկ տարի պայքարեցինք, մինչեւ հասանք մեր նպատակին, պատկան մարմինները հորդորեցին, ու նա դիմում գրեց, իսկ հիմա եկել է իր աջ ձեռքը: Կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնք ոչ պարզ պատճառով կարճվել են: Տարիներ ի վեր ստուգման ոչ մի արդյունք չի հրապարակվել: Ոչ մի քաղաքացի իրազեկված չէ՝ իր փողերն ուր են գնում»,-նշել է կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը:

 

Օրերս աշխատանքից ազատված Գարեգին Խլղաթյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը, ասել է. «Մինչեւ երեկ աշխատում էի կենդանաբանական այգում՝ որպես թռչունների բաժնի ավագ խնամող: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ կենդանիները սոված են, կեր չունեն: Այգու կառավարողներին սա դուր չէր գալիս, եւ ինձ կանչեցին, ասացին՝ դիմում գրի, ազատվի: Ասացի՝ չեմ գրի: Հանեցին, երկու նկատողություն դրեցին իմ առջեւ, ասացին՝ դու ազատված ես: Անհիմն: Ամբողջ այգում միայն ինձ մի 10 օր առաջ ուղարկեցին ստուգվելու տուբերկուլյոզ հիվանդության դեմ: Երկուշաբթի ասացին՝ մինչեւ չապացուցես, որ տուբերկուլյոզով հիվանդ չես, այգի չենք թողնի: Ասացի, որ ուղեգիր տան՝ գնամ, ստուգվեմ, պատասխանեցին, որ իմ հաշվին պետք է գնամ: Իմ հաշվին ստուգվեցի: Ուրբաթ օրը գալիս եմ գործի, տեսնում եմ, որ ջայլամը նստած է արդեն, հիվանդ է: Կիրակի գնացի, ջայլամը սատկել էր, ու ինձ ասում են՝ դու մեղավոր ես, որ ջայլամը սատկել է, դու ես թույլ տվել, որ քար կուլ տա: Դեկտեմբեր, հունվար ամիսներին կենդանիները, անգղերը միս չեն կերել: Չգիտեմ՝ կերն ուր է գնացել, բայց իմ բաժինը կեր չի ստացել, իմ կենդանիները սոված են մնացել: Միշտ բարձրաձայնել եմ, որ կեր չկա, պատասխանել են, թե՝ չունենք, կլինի՝ կտանք: Իմ թռչունները 15 օր աղացած գարի են կերել, ու այն ժամանակ, երբ տուբերկուլյոզ հիվանդությունը հայտնաբերվել է իմ բաժնում: Դրանից հետո սկսել են սատկել թռչունները, ու մեղքն ուզում են գցել ինձ վրա: Ես ժողովների ժամանակ բարձրաձայնել եմ, որ հիվանդությունը կա, կեր բերեք, որ կենդանիների իմունիտետը չընկնի: Դեկտեմբերից սկսած միս չեն կերել մինչեւ հունվարի կես, դրանից հետո միայն աղացած գարի են կերել»:

Այն հարցին՝ «կեր չկա» պատասխանն ինչով էր պայմանավորված, այգին գումար չուներ արդյոք, նախկին աշխատակիցը արձագանքել է. «Երեւի էկոնոմիա էին անում, որ քաղաքապետարանին ցույց տային՝ լավ են աշխատում: Որովհետեւ ասում էին՝ մենք պարտքերը փակել ենք: Պարտքերը կենդանիների հաշվի՞ն եք փակել: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում Կենդանաբանական այգու շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված կենդանիների անկման, սննդի մատակարարման եւ այլ հարցերի հետ: Այժմ աուդիտ է անցկացվում, այն սկսվել է մոտ 10 օր առաջ»:

Ն. Պ.




Լրահոս