ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվար 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինան ապառազմականացնելու ու հատուկ գործողության սկսելու մասին։ Առավոտից էլ հաղորդվում էր Կիեւում եւ Ուկրիանայի այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնբասի երկրների՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից, որ օրեր առաջ ճանաչել էր այդ երկրների անկախությունը:

 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խոսնակ Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ ռուսական բանակի կողմից արձակված հրթիռների հարվածների հետեւանքով երեկ զոհվել է 40 զինվորական: Այս մասին փոխանցում է ուկրաինական լրատվամիջոցը:

Նա տեսակետ է հայտնել, թե ռուսական կողմը հույս է ունեցել, թե ուկրաինական զինվորականների շրջանում զոհերն ավելի շատ էին լինել: Ուկրաինական իշխանությունները նաեւ տվյալներ ունեն խաղաղ բնակիչների զոհվելու մասին:

Ստեղծված իրադարձություններին անդրադարձել եւ իրենց տեսակետներով են կիսվել նաեւ հայ հայտնի դեմքերը: Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում է նրանց:

Դերասանուհի Անի Խաչիկանը, անդրադառնալով ռուս-Ուկրաինական իրադարձություններին, գրել է. «Երկու կնոջ խոսակցություն պոլիկլինիկայում.

-Քոչարյանը կոչ է արել հանրությանը միանալ Ռուսաստանին

-Շատ էլ ճիշտ է արել, ավելի լավ է Ռուսաստանի կազմի մեջ լինենք, քան թրքանանք:

Չէ լու՞րջ,,, լուրջ էս մեր էսօրվա իրականությո՞ւնն է,,,խախտվում եմ արդեն»:

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը սոցցանցի իր սթորի բաժնում գրել է. «Հիմա հասկանո՞ւմ եք 44 օր շարունակ Թուրքիա, Պակիստան, Իսայել, Ուկրանա, ջիհադիստներ եւ այլ երկրների դեմ մեր առյուծները ինչ դիմադրություն ցույց տվեցին եւ ի՞նչ կլիներ: Մի օր չդիմացավ Ուկրաինայի պես հզոր երկիրը, որին 10 տարի զինեց ամբողջ աշխարհը: Փառք հայ զինվորներին, հավերժ  փառք մեր նահատակված եղբայրներին եւ քույրերին»:

Իսկ, ահա, դերասանուհի, հաղորդավարուհի Ալիս Մելիքսեթյանը հետաքրքիր գրառում է արել. «Ու նորից աշխարհը փոխվեց…»:

Դերասան, 44 -օրյա պատերազմի մասնակից Էրիկ Օհանյանը, հետեւելով ռուս-ուկրաինական զարգացուներին, գրել է. «Խարկովը դարձավ Ռուսաստանի Դաշնություն»:

Իսկ, ահա, դերասան, հումորիստ Աշոտ Մելոյանը գրել է. «Ինչքան ադրբեջանը լսեց միջազգային կառույցներին ու «դադարեցրեց» պատերազմը, այնքան էլ Ռուսաստանը կդադարեցնի: Բոլորն էլ թռնելու են»:

Իսկ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձություններին, իմոցիոնալ գրառում էր արել, ապա այն հեռացրել. «Պուտի՛ն, երանի տեսնեմ քո մահվան պատմական օրը… Դարի գիշատիչ»:

Այս իրադարձություններին արձագանքել էր նաեւ դերասանուհի Անի Երանյանը. «Ովքեր ուրախանում են Ռուսաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակից, մարդ կոչվելու իրավունք չունեն։ Կարդում ու զարմանում եմ ձեր չարության վրա…»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԿԱՎԵ ՀՆԱԴԱՐՅԱՆ ՋՐԱՏԱՐ

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, գրող, բանահավաք, պատմաբան եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, ուսումնասիրելով հայրենի գյուղի մասին հիշատակող  գրավոր պատմական աղբյուրները, վերջերս հայտնաբերել է կավե խողովակաշարով կառուցված այն ջրատարը, որը Դեմերի աղբյուրից հեռավոր դարերում ջուր է մատակարարել Ավեի վանքին կամ նրան հարակից բնակավայրին:

 

Դերենիկ Գեւորգյանի գտածոն պահպանվում է իր ջանքերով երկար տարիների ընթացքում հավաքված թանգարանում եւ դեռեւս չի արժանացել հնագետների ուշադրությանը։ Դերենիկ Գեւորգյանը ուսումնասիրության հատուկ նյութ է դարձրել ազգային-եկեղեցական հայտնի գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի այն հիշատակությունը, համաձայն որի՝ «Նորագյուղի մոտի վանքից դեպի արեւմուտք՝ 2 կիլոմետրից քիչ ավելի հեռու, երեւում են ջրի խողովակներ, որոնք ջուր են մատակարարել վանքին»։

Կավե խողովակաշարի հետքերն ազգագրագետը որոնել է երկար տարիների ընթացքում, սակայն դժվարությունն այն է եղել, որ ջրատարը թաղված է եղել հողի տակ։ Բախտը Դերենիկ Գեւորգյանին ժպտացել  է այնժամ, երբ Դեմերի աղբյուրի մոտ կատարվել  են հողային աշխատանքներ։

 

 

ԵՌՅԱԿՆԵՐՈՒՄ՝ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

Անգլիական Պրեմիեր լիգայում գոլերի եւ գոլային փոխանցումների քանակով առաջատար եռյակներում այժմ միայն «Լիվերպուլի» խաղացողներն են։ Եգիպտացի Մոհամեդ Սալահը 19 գոլով լավագույն ռմբարկուն է, պորտուգալացի Դիոգու Ժոտան 12 գոլով երկրորդն է, երրորդ տեղում է սենեգալցի Սադիո Մանեն՝ 11 գոլ։ Գոլային փոխանցումներով առաջատարներն են Սալահն ու անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը՝ 10-ական փոխանցում։ Երրորդ տեղում է շոտլանդացի Էնդրյու Ռոբերտսոնը՝ 9 փոխանցում։ 26 խաղից հետո «Լիվերպուլը» 60 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 3 միավոր։

 

 

ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել իր ղեկավարած թիմի գործողություններից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ Գրանցվել է ոչ-ոքի՝ 1։1։ «Մրցակիցը օգտվեց ամբողջ հանդիպման ընթացքում ստեղծած միակ գոլային հնարավորությունից։ Արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք։ Ոմանք կասեն, որ արդյունքը մրցակցի օգտին է, բայց արտագնա խաղում խփած գոլի առավելության չեղարկումից հետո այդպես չէ»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Պատասխան հանդիպումը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի կունենա մարտի 15-ին։

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵՆԱՄԱՐՏԵԼ

Խառը մենամարտերի UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համար, ռուսաստանցի Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։ Առաջարկը եղել է հնարավոր մենամարտից մի քանի օր առաջ։ «Ինձ առաջարկեցին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ։ Ես հրաժարվեցի։ Այդպիսի մենամարտի պատրաստվելու համար ինձ ավելի շատ ժամանակ է պետք։ Կարծում եմ՝ ապագայում մենք դեռ կհանդիպենք»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։ Արման Ծառուկյանը փետրվարի 26-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Fight Night մրցաշարում կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։ Իսլամ Մախաչեւի մրցակիցը Լաս Վեգասում պետք է լիներ ամերիկացի Բենեիլ Դարիուշը, սակայն նա վնասվածք է ստացել։ Այժմ Մախաչեւը միջանկյալ մենամարտ կանցկացնի ամերիկացի Բոբի Գրինի հետ։

 




Լրահոս