Լուսանկարն արվել է Երեւանում
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը հերթական ռեկորդն է սահմանել, այս անգամ՝ ճկույթով: Երեւանի Կարեն Դեմրիճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում Յուրի Սաքունցը ճկույթով 10 մետր վագոն (33 տոննա) տեղաշարժեց։ Սա համարվում է Գինեսի ռեկորդ եւ առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:
Հրանուշ Մելիքսեթյան (57 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Բանկն առանց ինձ զգուշացնելու իմ հաշվից գումար է հանել: Խնդրում եմ ասել՝ արդյոք բանկի նման աշխատանքը համապատասխանում է օրենսդրության պահանջներին:
Դիաննա Մելքոնյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածի համաձայն՝
Բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:
Առանց հաճախորդի կարգադրության, հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կամ բանկի եւ հաճախորդի միջեւ պայմանագրով նախատեսված դեպքերում:
Այսպիսով, հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկ նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, եւ վարկի մարում չիրականացնելու դեպքում բանկն իրավունք ունի բանկում հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը: Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բանկն օրենքով պարտավորություն չի կրում տեղեկացնելու վճարային քարտի ժամկետի լրանալու մասին, քանի որ վավերականության ժամկետը նշված է քարտի վրա: