Հնդկաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները չի դիտարկում միայն ուկրաինական ճգնաժամի համատեքստում, ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարը։
«Մեր դիվանագիտական մոտեցումն է լավ հարաբերություններ պահպանել բոլոր երկրների հետ, և դա այն համատեքստն է, որում գործում է Հնդկաստանը: Մենք չենք դիտարկում Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս ճգնաժամի համատեքստում», – ասել է նա The Hindu-ին:
Խոսելով Ռուսաստանի դեմ քվեարկությունից ձեռնպահ մնալու Հնդկաստանի դիրքորոշման մասին՝ նա նշել է, որ Հնդկաստանն արել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել դիվանագիտական մակարդակով։
«Այն ամենը, ինչ անհրաժեշտ էր անել դիվանագիտական մակարդակով, ինչ տեղին էր, արվել է Հնդկաստանի կառավարության կողմից: Մենք պնդում էինք, որ դիվանագիտությունը և բանակցությունները պետք է օգտագործվեն խաղաղության հասնելու և բռնությանը վերջ տալու համար, մենք դա բազմիցս ասել ենք: Ըստ էության, մեր մոտեցումը գնահատվել է նաև երկրի ընդդիմադիր կուսակցությունների կողմից»,- ասել է պաշտպանության նախարարը։