«ՈՒՌՈԴՆԵ՛Ր, ՄԱՐԴԱՍՊԱՆ ՊԱՐՈՆՆԵ՛Ր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ «Սեւազգեստ մայրեր» նախաձեռնությունը կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել: ՀՀ զինված ուժերում մահացած զինվորների ծնողները պահանջում էին միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպում` պնդելով, որ մնացած պաշտոնյաներն իրենց «հեքիաթներ» են պատմում:Նշենք, որ յոթ օրվա ընթացքում ՊՆ-ն արդեն երրորդ զինվորի անունն է հայտարարում, որը իբրեւ թե ինքնասպանություն է գործել` Վլադիմիր Ասատրյան, Յուրի Ներսիսյան եւ Արամ Մելքոնյան: Սակայն ծնողները չեն հավատում: Կարծես արդեն սովորություն է դարձել, երբ բանակում որեւէ դեպք է լինում, ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջապես հայտարարում է, որ ինքնասպանություն է եղել: Ծնողներն ուղղակի հոգնել են նույնաբովանդակ խոսքերից եւ չեն հավատում որեւէ մեկին: Ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոց էին եկել պաստառներով. «SOS, փրկե՛ք մեր զինվորներին»: Նրանցից յուրաքանչյուրը նվազագույնը մեկ մահացած զինվորի նկար էր պահել ձեռքին: Բողոքի մասնակիցները նախ հավաքվեցին նախագահականի դիմացի մայթին, սակայն քիչ անց տեղափոխվեցին հենց նախագահի նստավայրի շենքի պարիսպների մոտ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանության մեծաթիվ կարմիրբերետավորները: Նրանք «պատ» էին կազմել` մայրերին նախագահի նստավայրի ճաղավանդակներին մոտ չթողնելու համար: «Սեւազգեստ մայրերն» այս անգամ եւս անդրդվելի էին, նրանց բարկությունը գագաթնակետին էր հասել. գոռում եւ կոչ էին անում մյուս մայրերին` իրենց զավակներին բանակ չուղարկել, քանի որ նրանց դիակներն են իրենց վերադարձնելու:Անդրդվելի էր ակցիայի մասնակիցներից Սուսաննա Գալստյանը: Նա զինված ուժերում 2006 թվականին ծառայած Սասուն Գալստյանի հորաքույրն է: «Ագարակի զորամասում էր ծառայել, գրում էր՝ բարդակ է, ժամերն եմ հաշվում, որ գամ, 20 օր էր մնացել, որ պիտի գար, էրեխու գլուխը կերան:  Զանգահարեցին, ասին` եկե՛ք, ձեր էրեխու դիակը տարե՛ք, ասում են՝ գնացել ա բենզին գողանալու չանից ու խեղդվել ա: Բայց ինչի՞ չեն ասում, որ էդ չանի բերանը փակել են ու խեղդել: Դիմել եմ բոլորին` պարոն դատախազ ուռոդին, պարոնն էլ ափսոս ա: Ուղարկեցին զինդատախազի մոտ, ինքն էլ նստել ա ըտեղ, իրանա ռեկլամ անում: Ուրիշ ոչ մի բան չի անում»,-գոռալով լացակումած պատմում էր տիկին Սուսաննան:Նրա խոսքերով` Սասունն իրենց ընտանիքի միակ ժառանգն էր, որի «գլուխը կերել» են. «Մեր տղան իր 20 տարեկանը գերեզմանում ա նշել, մեզ հոգեկան հիվանդ են դարձրել, մեր տան ճրագը սրանք հանգցրել են»:Այնտեղ էր նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանը, ով վերջերս մի զինվորի ծնողի ասել էր, թե «ինքը մայր կոչվելու իրավունք չունի»: Երիտասարդ Ղուկասյանը եկել էր` համոզելու, որ դժգոհողները գնան «իրենց մոտ» հարցը քննարկելու համար: Սակայն նա առանձնապես աչքի չընկավ համոզելու ունակությամբ, քանի որ «գողականով» էր խոսում ծնողների հետ, իրեն շատ լպիրշ  էր պահում` երբեմն էլ երկար ու անիմաստ վիճաբանելով մայրերի հետ: Կանայք միաբերան պնդում էին. «Ո՛չ, մենք չենք ուզում, իրանք մեզ խաբում ենք, մի հատ նորից պատմե՛ք, մի հատ նորից հիշացրե՛ք, մենք հոգնել ենք` մեր ցավի մասին հազար հոգու պատմելով, ամեն անգամ նույնը, եթե ուզում են, թող իրանք գան էստեղ: Ինչո՞ւ պիտի մայրերն իրանց ցավ ու վշտի հետ գնան, հասնեն ընդեղ: Մենք էլ նախագահի հետ ենք ուզում հանդիպենք, էսքանը»:Վարդան Ղուկասյանը մոտ երկու ժամ տքնելուց հետո ասաց, որ իրենք օր կորոշեն, եւ մայրերը կարող են իրենց փաստաբանների հետ հանդիպել գործով քննիչների, պաշտպանության փոխնախարարի, ռազմական ոստիկանության պետի եւ զինդատախազի հետ: Իսկ երբ կրկին պնդեց, որ մայրերից մի քանիսը կարող են իր հետ գնալ նախարարություն, ծնողները բարկացան եւ արգելեցին լրագրողներին նրա հետ խոսել: Ղուկասյանն անմիջապես նստեց իր մեքենան ու «թռավ»:«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության  պետ Արամ Տեր-Սահակյանի հետ, վերջինս նշեց, որ բոլորի հարցերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում. «Ես այդ միտինգային արտահայտությունների փոխարեն զբաղված եմ լուրջ աշխատանքով եւ չեմ կարծում, որ միտինգային վարվելակերպով կարելի է ինչ-որ հարցեր լուծել»: Մեր այն դիտարկմանը, թե զինվորների մայրերը պահանջում էին, որ իրենք անձամբ նախագահական նստավայրի մոտ գնան ու լսեն իրենց, պարոն Տեր-Սահակյանը պատասխանեց. «Ինչի՞ ես պիտի գամ էնտեղ, իրենք պարբերաբար գալիս են մեզ մոտ, եւ մենք քննարկում ենք այդ հարցերը, մենք կատարում ենք մեր աշխատանքն, օպերատիվ, իրավիճակը ստաբիլ է, օպերատիվ ծառայությունների կողմից վերահսկվում է… եւ նշեմ, որ մենք ունենք ծանր դեպքերի նվազում»:Իհարկե, ոստիկանների համար մարդու վիշտն ընդամենը վիճակագրություն է: Ավելին, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան ասում է, թե վիճակագրությունների նվազում կա: Բայց արդյո՞ք դա նշանակում է` պետք է հանդուրժել, որ «նվազ» դեպքերը լինեն հնարավորինս դաժան: Ա՛յ սա է, որ պետք է մտահոգի բանակի գեներալիտետին:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս