Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Էդուրադ Աղաջանյանին զարմացնում է՝ ինչո՞ւ են լրագրողները կենտրոնանում հացահատիկի պաշարի հարցի վրա: Խորհրդարանում երեկ՝ մարտի 7-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել են՝ հացահատիկի ներկրման առումով ռիսկեր կա՞ն Հայաստանի համար, և հնարավո՞ր է արդյոք հացի գնաճ լինի։
ՔՊ-ականները սակայն հարցին բավական տարօրինակ կերպ են արձագանքում՝ դրան տալով «հռետորական հարց» ձևակերպումը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ 2021-ը գյուղատնտեսության համար վատ տարի էր, այդ ոլորտում 1.4 տոկոս անկում է գրանցվել: Առավել մտահոգիչ է հացահատիկի արտադրության ճյուղը, որտեղ 2020-ի համեմատ 2021-ին 26.5 տոկոսի անկում է գրանցվել: 2021-ի արտադրվել է 97.2 հազար տոննա հացահատիկ, այն դեպքում, երբ տարեկան սպառում ենք մոտ 550 հազար տոննա հացահատիկ:
Երկրի կառավարման ղեկը ստանձնածները փոխանակ մտածելու՝ ինչպես լուծել հացահատիկի ինքնաբավության խնդիրը, հացահատիկային մշակաբույսեր աճեցնելու համար գյուղացիների արտոնություններ, օրինակ, պետական սուբսիդիաներ տրամադրեն, զարմանում են, թե մեզ՝ լրագրողական համայնքիս, ինչո՞ւ է մտահոգել բոլորի համար կենսական նշանակության՝ հացահատիկի ձեռքբերման հարցը:
Ու մինչև տնտեսագետները կամ պարենային անվտանգության մասնագետներն ահազանգում են, որ առաջիկայում հացի գնի բարձրացում է նկատվելու, իշխանականները պետության համար անվտանգային նշանակության հարցին մատների արանքով են նայում:
Սևակ Վարդումյան