ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ` ԽԱՉԻԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հերոսների» որոնման ակտիվ ընթացքի մեջ հայաստանյան իրականությանը մատուցվեց նաեւ Վազգեն Խաչիկյանը, ում անունը որոշակի ժամանակ շրջանառության մեջ դնելուց հետո իշխանությունները որոշեցին նրան պարտակել ընդհատակում, որովհետեւ Խաչիկյանի գործի բացահայտմամբ փլուզվում էր մի հսկա բուրգ, որի գագաթը, բնականաբար, Վազգեն Խաչիկյանը չէր: Նա այդ բուրգի կարեւոր օղակներից մեկն էր, մի մարդ, ով մի քանի տարվա ընթացքում ահռելի գումարներ կուտակեց: Իսկ Վազգեն Խաչիկյանն իսկապես ՀՀԿ-ի կադրային «ձեռքբերումներից» մեկն էր, ում առաջընթացին նպաստեց լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հասնելով փողի ու փառքի բարձրակետերին` Խաչիկյանը դարձավ անկառավարելի ոմանց համար, ու հենց այդ ժամանակ էլ ասպարեզ հանվեցին հին հաշիվներ, հին «կոմպրոմատներ»:Ասում են, որ Վազգեն Խաչիկյանին «բացահայտողների» եւ հետո ջանադրաբար պաշտպանողների «նվագախմբում» «առաջին ջութակի» դերը կատարելու մեծ հավակնություններ է ունեցել Էդուարդ Շարմազանովը, որին ժամանակին Հենրիկ Քոչինյան-Վազգեն Խաչիկյան տանդեմն ակտիվորեն խանգարեց դառնալ Ալավերդու քաղաքապետ` այս պաշտոնը բաժին հանելով այժմ արդեն Լոռու մարզպետ օծված Արթուր Նալբանդյանին…Ախթալայում ծնված Վազգեն Խաչիկյանը 1997-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, սակայն ի սկզբանե պարզ էր, որ լոռեցի այս երիտասարդը բնավ էլ մտադրություն չուներ գիտությամբ զբաղվել, վերադառնալ հայրենի Ախթալա եւ աշխատել դպրոցում որպես ուսուցիչ: Նրա երազանքը պաշտոնյա դառնալն էր, ուստի դեռեւս ուսանող` 1996-ին նշանակվել է ԵՊՀ արհմիության կոմիտեի նախագահի տեղակալ, այս պաշտոնում գտնվել մինչեւ 1999 թվականը եւ նույն թվականին էլ դարձել ԱԺ պատգամավոր, ամենաերիտասարդ պատգամավորն ԱԺ-ում, ով այստեղ էր եկել «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով: Նրա համար բարեխոսներ էին եղել Անդրանիկ Մարգարյանն ու Վազգեն Սարգսյանը: Վազգեն Խաչիկյանը պատգամավոր դարձավ նաեւ 2003-ին, իսկ 2005-ին էլ նշանակվեց ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ: Այս ընթացքում հասցրեց կնոջը դարձնել ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Կարճ ժամանակամիջոցում Ախթալայից Երեւան եկած, վարձով բնակարանում ապրող համեստ արհմիութենական գործիչը մայրաքաղաքում ձեռք բերեց հրաշալի բնակարան, հետո հայրենի Ախթալայում սկսեց իրեն պահել բդեշխի նման` աստիճանաբար սեփականաշնորհելով մի շարք տարածքներ Ախթալայում եւ Ալավերդիում, մերձակա գյուղերում: Նա ամեն ինչ արեց եղբորը քաղաքապետ դարձնելու համար: Եւ այս հարցում Խաչիկյան եղբայրներին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեց մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը, ով իր վրա վերցրեց ընտրակաշառք բաժանելու գործը: Վազգեն Խաչիկյանն ու Սերոբ Տեր-Պողոսյանն այդ օրվանից եղբայրացան, հարազատացան… Նրանք գրեթե ամենուր միասին էին: Իսկ հետո Խաչիկյանների ախորժակը մեծացավ, նրանք կամեցան տեր կանգնել նաեւ Սերոբի ունեցվածքին, ու բացահայտվեց մանկապղծության պատմությունը:Խաչիկյանի խոստովանությամբ` ինքն է Սերոբին ծանոթացրել վարչապետի ու ՀՀ նախագահի հետ, իր հորդորներով է հրապարակախոս եւ գրականագետ Ֆելիքս Բախչինյանը գրքեր գրել Սերոբի մասին, Խաչիկյանը չի ժխտում, որ անգամ օգտագործելով իր պաշտոնական դիրքը` հարկահավաքներին ստիպել է 400 հազար դրամի փոխարեն Սերոբից վերցնել 100 հազար դրամ եւ այլն…Վազգեն Խաչիկյանին ամեն ինչ թույլատրված էր, որովհետեւ օգտվում էր վարչապետի աջակցությունից, ընկերություն էր անում Վալերի Մեժլումյանի հետ, ինչ-որ «բաժին» ուներ նաեւ «Մանես-Վալեքս»-ից… 2007-ի տարեվերջին էլ Վազգեն Խաչիկյանը հիմնադրեց «Իմ թերթը» պարբերականը, որի խմբագիրն իր մտերմուհի ոմն Անահիտ Մանդալյանն էր, ում իր գլխավորած հիմնադրամից ամեն ամիս ութ հարյուր դոլարին համարժեք դրամով աշխատավարձ էր տալիս: Հետո, իհարկե, Խաչիկյանն ու նրա մտերմուհին «քցեցին» լրագրողներին, գրպանեցին նրանց հասանելիք աշխատավարձերը… Զարմանալի է, չէ՞, մարդը միլիոնավոր դոլարների հետ էր խաղում, բայց յուրացնում էր լրագրողների աշխատավարձերը: Այս ամենի մասին բազմաթիվ նամակներ կան` հղված ՀՀ կառավարություն: Իսկ թե ինչեր բացահայտվեցին նրա` կենսաթոշակային յուրացումների կապակցությամբ, ներկայացնենք ընդամենը մի քանի փաստ: 2008, 2009, 2010 թվականների 8 ամիսների կտրվածքով ՀՀ մահացած կենսաթոշակառուների թիվը եղել է 58.921, Վերահսկիչ պալատի կողմից ստուգվել է 843 գործ, հայտնաբերվել է 581 տարաբնույթ խախտում: Մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար, օրինակ` 2005 թվականի օգոստոսին մահացած կենսաթոշակառու Վ.Վ.Մելքոնյանը 2009 թվականի հուլիսին դիմում է գրել եւ ստացել 1.244.040 դրամի չափով դեպոնենտային գումար, այնինչ Վերահսկիչ պալատի կողմից հանգուցյալի բնակարանի ստուգումների արդյունքում հանգուցյալի հարսը դիմում է գրել, որ սկեսուրը մահացել է 2005 թվականի օգոստոսի 14-ին ու նշված ամսաթվից հետո թոշակ չի ստացել. օրենքի համաձայն` երբ կենսաթոշակառուն մահանում է, նրան թոշակ տալը պետք է դադարեցվի, սակայն ստուգումները ցույց են տվել, որ մահացածի անվամբ վճարումները շարունակվում են: Հայաստանում 14.287 կենսաթոշակառուներ կան, Վերահսկիչը ստուգել է 1656 գործ եւ հայտնաբերել 1157 խախտում: Ստուգումները ցույց են տվել, որ արդեն վճարված ժամանակաշրջանի համար կատարվել է կրկնակի վճարում: Օրինակ` կենսաթոշակառու Աշոտ Մ.-ին 2008 թվականին միանվագ վճարվել է 6 ամսվա կենսաթոշակ, 3 ամիս անց նույն ժամանակաշրջանի համար կատարվել է կրկնակի վճարում կամ վճարումից հետո տեղեկատվական բազայում ներկայացվել է որպես չվճարված: Հետաքրքիր է նաեւ արդեն 15 տարի ԱՄՆ-ում բնակվող Ղեւոնդ Տոնոյանի եւ Մարգո Մկրտչյանի օրինակը: Վերջիններս Հայաստանում են եղել 4-5 տարի առաջ, 2009 թվականին չեն վերադարձել Հայաստան, այնինչ նոյեմբերի 3-ին ստացել են 842.430 եւ 978.261 դրամ կենսաթոշակ: Խախտումները շատ են նաեւ վետերաններին տրվող վճարումների հետ կապված: Օրինակ` 2007 թվականին մահացած վետերան Արտակ Սարգսյանը մինչեւ Վերահսկիչ պալատի ստուգումները շարունակել է պատվովճարներ ստանալ: Կամ նախկինում պատվովճար ստացող վետերանը ընթացքում այլ երկրի քաղաքացի է դարձել, ինչի արդյունքում նրան կատարվող վճարումը պետք է դադարեցվեր, այնինչ շարունակվել է…Եւ այսքանից հետո Վազգեն Խաչիկյանն ազատության մեջ է:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս