Մարտի 8-ի սակարկությունների տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են նախորդ օրը գրանցված ռեկորդային թռիչքից հետո:
Այսպիսով, Brent տեսակի նավթի գինը նվազել է գրեթե 10%-ով և մեկ բարելի դիմաց իջել մինչև 125 դոլար՝ նախորդ օրվա 139 դոլարից։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ ռուսական նավթի ներկրման ԱՄՆ-ի հնարավոր արգելքին, գրում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները պատրաստ է ինքնուրույն արգելք սահմանել, իսկ Գերմանիան՝ Ռուսաստանի նավթի խոշորագույն գնորդը, մերժել է էներգետիկ էմբարգոյի վերաբերյալ ծրագրերը:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Reuters-ին ասել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց «ամենայն հավանականությամբ, սահմանափակումներ կկիրառի միայն ԱՄՆ-ը»:
Ռուսաստանն օրական արտահանում է մոտ 7 մլն բարել նավթ և նավթամթերք։
Վերլուծաբաններն ասում են, որ եթե ռուսական նավթի ամբողջ արտահանումն արգելափակվի համաշխարհային շուկաներում, գները կարող են աճել մինչև 200 դոլար՝ մեկ բարելի դիմաց: