«Ես ընտանիքս ծանր կացությունից դուրս բերելու նպատակով տոկոսով գումար եմ վերցրել Մարինե Պարանյանից, բայց խաբեությամբ բնակարանս իմ ձեռքից տարել են»,-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցող դատավարության ընթացքում հայտարարեց դրամաշորթության, վաշխառության եւ խաբեության գործով տուժածներից Ադելինա Խաչատրյանը: Դատական պրոցեսը բավականին երկար տեւեց: Ամբաստանյալը Մարինե Պարանյանն է, ով ձերբակալվել է մարդկանց տոկոսով գումար տրամադրելու, այնուհետեւ խաբեությամբ նրանց պատկանող գույքը յուրացնելու համար: Գործով տուժածները երեքն են: Վերջիններս պնդում են, որ տուժածների թիվն ավելի մեծ է, պարզապես դատական քաշքշուկների մեջ չընկնելու համար նրանք չեն բողոքում: Մարինե Պարանյանը մեղադրանքը չէր ընդունում: Տուժած Ադելինա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենց ընտանիքը մեծ պարտքեր ուներ, բանկերից էլ վարկ չէին կարողանում վերցնել: Իմանալով, որ Մարինե Պարանյանը տոկոսով գումար է տրամադրում, դիմել էին եւ 10 տոկոս տոկոսադրույքով 3 մլն. դրամ գումար վերցրել, որի դիմաց Պարանյանն առաջարկել էր գրավադրել բնակարանը եւ խաբեությամբ գրավադրման փոխարեն իրենց հետ կնքել էր առքուվաճառքի պայմանագիր: Մարգարիտա Դալլաքյանն էլ ասում է, որ վերցրած գումարի դիմաց ամբաստանյալին երկար ժամանակ 10 տոկոսով վճարել է, սակայն վերջին շրջանում, երբ արդեն չէր կարողացել վճարել տոկոսները, Պարանյանը նրան առաջարկել է, որ բանկում վարկ կդասավորի, միայն մի պայմանով. «Եթե ես իրան վաճառեմ իմ բնակարանը, եւ ինքը հիփոթեքային վարկով, մաղարիչով կդասավորի դա: Մենք, այլընտրանք չունենալով, համաձայնեցինք, սակայն երբ տունը դարձավ իրա անունով, ինքը խուսափեց իրա պարտավորությունները կատարել, եւ տունը մինչեւ օրս մնում է Մարինեի անունով ընդամենը 5000 դոլար պարտքի դիմաց, որը ես տոկոսներով արդեն իսկ վերադարձրել եմ»: Բոլոր դեպքերում էլ տուժողները գումարները վերցնելիս փաստաթուղթ ստորագրել էին, բայց վերադարձրել էին բանավոր համաձայնությամբ, ուստի դժվար է ապացուցել, որ գումարները վերադարձվել են: Դատավարությունը շարունակվում է:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր
ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ