«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նոր քննիչ հանձնաժողով ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է ստեղծել Սահմանադրությանը համապատասխանող, բավարար լիազորություններով օժտված եւ հանրային լայն ու հավասարակշիռ մասնակցություն ունեցող պետական առանձին մարմին, որը կզբաղվի  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելով:

Հիմնավորման մեջ խմբակցությունը նկատում է, որ այժմ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այս հարցերով զբաղվող առանձին մարմին չկա: Եվ թեեւ կառավարման խորհրդարանական ձեւին անցած Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է քննիչ հանձնաժողովի ստեղծման հնարավորություն, սակայն այս հարցերով՝ նման ծավալի, խորության, բովանդակության, մասնագիտական մոտեցում եւ քաղաքական չեզոքություն պահանջող ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողովի առկա մոդելն ու ձեւավորված քաղաքական հարաբերակցությունը ակնհայտորեն չեն կարող բավարարել:

Այսպես, առաջարկվում է, որպեսզի Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանձնաժողովի 9 անդամներից 8-ին առաջադրեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները՝ հավասարաչափ՝ թվով 4-ական թեկնածուների առաջադրման միջոցով եւ մեկ թեկնածու՝ մարդու իրավունքների պաշտպանը: Ընդ որում, խմբակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների համար առաջարկվում է սահմանել հետեւյալ պայմանները. Հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է՝

1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,

2) այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրությունների արդյունքում ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի ոչ պակաս, քան 1 տոկոսը,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս