ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ` ԴՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում գործունեություն ծավալող մի քանի փաստաբաններ կարող են հայտնվել դրսում: Պատճառը Գյումրու քաղաքապետարանի նոր հրահանգն է զբաղեցրած տարածքն ազատելու վերաբերյալ: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, ու թերեւս միայն դրանով է, որ գայթակղիչ է համայնքի ղեկավարի համար: Փաստաբանների գրասենյակը  կիսախարխուլ մի քանի սենյակից բաղկացած կառույց է: Երկար տարիներ տեր չի ունեցել: Տարբեր տարիների այդտեղ տարբեր կազմակերպություններ են գործել: Փաստաբանների ունեցած տեղեկություններով` ժամանակին շինությունը պատկանել  է ներքին գործերի նախարարությանը: Բացթողումը եղել է այն, որ  որեւէ կառույցի հաշվեկշռում չի ամրագրվել: 70-80-ական թվականներին այն հանձնվել է փաստաբանների կոլեգիային: Սակայն ո՛չ քաղաքային արխիվում, ո՛չ էլ փաստաբանների մոտ չի պահպանվել որեւէ փաստաթուղթ այն մասին, թե ինչ կերպ, ինչ փաստաթղթերով է ամրագրվել այդ փաստը, եւ ինչպես կարելի է դա ապացուցել:  Վերջերս, երբ փաստաբանները փորձել են իրավական կարգավիճակ տալ շենքին, սեփականաշնորհել այն, այդ նպատակով դիմել են դատարան, Գյումրու քաղաքապետը, երեւի հիշելով, որ տիրազուրկ ինչ-որ բան դեռ մնացել է այս քաղաքում, ճարպկորեն դիմել է դատարան եւ շատ արագ սեփականաշնորհել տարածքը: Սեփականությունը գրանցելուց հետո քաղաքապետարանը շտապել է փաստաբաններին հրահանգել` քաղաքապետարանին պատկանող կառույցում գործունեւություն ծավալելու համար կա՛մ վճարել, կա՛մ պարզապես հավաքել իրերն ու հեռանալ: Վարձակալության գինն էլ բավականին բարձր է սահմանվել` ավերակների վերածված կառույցի համար ամիսը 120.000 դրամ: Նկատենք, որ մի քանի փաստաբաններ, որոնք ունեցել են հնարավորություն, ժամանակի ընթացքում  հեռացել են այդ կառույցից: Այնտեղ շարունակում են աշխատել  նրանք, ովքեր հնարավորություն չեն ունենա քաղաքապետարանի ախորժակը բավարարել: Փաստաբանների հետ հանդիպման սկզբում նրանք նախ դժգոհեցին, թե խոզանոցի համար շատ գումար են ուզում իրենցից, իսկ իրենք էլ այնքան գործ չունեն, որ կարողանան այդքան վճարել: Նրանք դիմել են քաղաքապետին, որպեսզի սահմանված գումարի չափը նվազեցնի՝ դարձնելով գոնե 80.000 դրամ: Հետո վախվորած շեշտեցին, թե առայժմ  չեն ուզում բարձրաձայնել խնդիրը, որպեսզի չզայրացնեն քաղաքապետին, եւ նա չգնա ավելի կտրուկ միջոցների: Փաստաբանների պահվածքը, իհարկե, մեզ զարմացրեց:  Այն մարդիկ, որոնք պիտի  պայքարեն մյուսների իրավունքների վերականգնման համար, այնքան անպաշտպան էին խոսում քաղաքապետի «սարսափազդու» կեցվածքի մասին, որ սեփական իրավունքի իրացման մասին խոսելն անգամ ավելորդ է: Թե կոնկրետ երբ է քաղաքապետարանը սեփականաշնորհել կառույցը, ինչ նպատակի համար, փորձեցինք ճշտել քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից: Սակայն նա փոխանցեց, որ տվյալներին չի տիրապետում, այդ կառույցի վերաբերյալ տեղեկություններ  չունի եւ խոստացավ ավելի ուշ պարզաբանել խնդիրը:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս