Այս պահին Վերաքննիչ դատարանում քննարկում են Դավիթ Տոնոյանի, «Պատրոն Դավոյի», Զու նախկի պաշտոնյաների կալանքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։

Պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ամբաստանյալների նկատմամբ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց։ Բողոքները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի վարույթում։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Ք.Մ




Լրահոս