Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում:
«Ապօրինի հուղարկավորություններ, ցավոք, երբեմն լինում են: Բոլոր նյութերը մենք փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Եղել է անգամ դեպք, երբ հուղարկավորությունն առհասարակ չի թույլատրվել: Կան նաև, այսպես ասած, զավթած հողատարածքներ, դեռևս տարիների վաղեմություն ունեցող, որտեղ հուղարկավորություններ չեն արվել, բայց բետոնապատվել են»,-ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը:
Գերեզմանատեղերի ապօրինի ամրագրում, օրենքով սահմանված չափերից մեծ հողահատկացումներ. տարիներ շարունակ ոլորտում կուտակված խնդիրները շատ են:
Այսօր համայնքային բոլոր բաց գերեզմանատներում տարածքները տրամադրվում են անվճար և միայն սահմանված չափերով: Տեղերի հատկացմամբ զբաղվում է «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: