
Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է Վրաստանում արգելափակված ու հայրենիք վերադառնալ չկարողացող Ուկրաինայի քաղաքացիների համար քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական տրանսպորտը և այլ հաստատություններն անվճար դարձնել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային կառավարության նիստում, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Նա մանրամասնել է, որ խոսքը հասարակական տրանսպորտի, մանկական ժամանցի կենտրոնների, թանգարանների, թատրոնների, լողավազանների և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ օբյեկտների մասին է։
«Այցելուները պետք է մուտքի մոտ ներկայացնեն ուկրաինական անձնագիր՝ ցանկացած ծառայություն անվճար ստանալու համար»,- ասել է Կալաձեն։
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր ամբողջությամբ փոխհատուցել կացության և սննդի ծախսերը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանել զբոսաշրջության նպատակով և չեն կարող հայրենիք վերադառնալ այնտեղ ռազմական գործողությունների պատճառով։