ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն բողոք է ներկայացրել, որի քննության արդյունքում չեղյալ է հայտարարվել մի մրցույթի արդյունքները, որում հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ-ն:
Իսկ ինչի մասին է խոսքը. մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարել է մրցույթ, որին մանսակցելու հայտեր են ներկայացրել մի քանի ընկերություններ՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ, «Բի Բի Էս Սի» ընկերությունը, Ա/Ձ Արթուր Կարապետյանը եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը: Միեւնույն ժամանակ դիմումում նշվում է, որ «Բի Բի Էս Սի» ընկերությունը եւ Ա/Ձ Արթուր Կարապետյանը չեն հանդիսանում ապահովագրական ընկերություններ:
Բանն այն է, որ այդ հարցման արդյունքներով նվազագույն գին առաջարկել է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը՝ 4 մլն 553 հազար դրամի չափով: Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունն այլ երկու ընկերության հետ առաջարկել է 4 մլն 846 հազար դրամ: Ապա իր դիմումում ընկերությունը փաստեր է ներկայացնում, որ երկրորդ նախագահ ընտանիքին պատկանող ընկերությունը հաղթող է ճանաչվել օրենսդրության խախտումներով եւ այդ պատճառով պարտավորեցրել են պատշաճ փաստաթղթեր ներկայացնել: Նկատենք, որ այս դիմումի արդյունքում գնումների հետ կապված բողոք քննող անձը դիմումը մասնակի է բավարարել եւ ներկայացված պնդումներն անհիմն են համարվել:
«Սիլ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրենը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց. «ԱՊՊԱ մասին օրենքով» ապահովագրական բոլոր ընկերությունները ցանկացած հաճախորդի գծով ստանում են նույն գինը: Աշխատում է մեկ ընդհանուր համակարգ, որին մուտքի թույլտվություն ունեն բոլոր ընկերություններն եւ այդ համակարգն ինքն ավտոմատ յուրաքանչյուր մեքենայի եւ հաճախորդի համար հաշվարկում է մի գին: Այդ գինը պարտադիր է բոլոր ապահովագրական ընկերությունների համար: Այդ նույն օրենքով նախատեսված է նաեւ, որ չի կարելի զեղչ տալ, կամ որեւիցէ բոնուս, նվեր՝ ԱՊՊԱ պայմանագրին կից: Զեղչեր տրամադրվում են բացառությամբ այն դեպքում, երբ մարդն ինքն է օնլայն իր վճարային քարտից կնքում պայմանագիր: Դա չի վերաբերվում պետական գնումներին: Եվ երբ կա օրենքի խախտումով տենդերի ընթացակարգ, «Պետական գնումների մասին» օրենքն ասում է, որ կարելի է դիմել գնումների բողոքարկումը քննող անձին: Երբ որ մենք դիմել ենք, պատասխանն այն է, որ ըստ օրենքի, տվյալ անձը չունի իրավասություն՝ ընկերության գնագոյացումը ստուգելու: Այսինքն, նա չէր կարող միջամտեր, տեսներ, թե որ ապահովագրական ընկերությունն իր գինն ինչպես է ստացել: Հետեւաբար այդ մասով չի քննվել գործը, ոչ թե մերժվել է», – նշեց նա:
Գործադիր տնօրենը նաեւ ընդգծեց, որ բիզնեսի շրջանակներում իրենք մրցակցում են օրենքով թույլատրված բոլոր գործիքակազմով՝ անկախ նրանից, թե մրցակիցների բաժնետերերը ովքեր են: «Ֆիքսենք նաեւ այն հանգամանքը, որ մեր բաժնետերերը իրենց կառավարումն իրականացնում են օրենքների շրջանակներում: Խաչատուրի Սուքիասյանի բաժնեմասը հանձնված է կառավարման, նա որեւէ կերպ չի մասնակցում բիզնեսների կառավարմանը: Պետք չէ անձնավորել այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ազատ մրցակցության պայմաններում: Միգուցե եւ մենք սխալված լինեինք, թեպետ այդպես չի եղել այդ բողոքը քննող անձի կարծիքը», – հավելեց նա::
Նկատենք որ, թավշյա հեղափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը վայելում է իշխանությունների համակրանքը եւ պետական հոգածության է արժանանում: Նրա ընտանիքին պատկանող ընկերությունները փաստացի չեն բավարարվում այս ամենով եւ գնումների ոլորտում գործում է ընդդեմ մյուս ընկերությունների:
Նաիրա Հովհաննիսյան