ՄԱՀՎԱՆ ԳՆՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած 61-ամյա Սամվել Սաֆարյանը վրդովված պատմեց, որ իր կինը` Ծաղիկ Սաֆարյանը, արդեն քանի տարի է` հիվանդ է, ունեցել է հաշմանդամության երրորդ կարգ, որը տրվում է որոշակի ժամանակով, եւ այդ ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովը հրաժարվում է կարգ տալ:Մեր զրուցակցի խոսքերով` կինը տարիներ առաջ «ինֆարկտ» եւ «ինսուլտ» է տարել ու առողջական լուրջ խնդիրներ ունի, որի մասին քաջատեղյակ են նաեւ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները, սակայն այս անգամ հրաժարվում են հիվանդության կարգ տալուց: Պարոն Սամվելը նշեց, որ ոչ մի կերպ չի կարողանում վերականգնել արդարությունը եւ չի կողմնորոշվում` ում կարելի է դիմել, որ իրեն օգնի:Նա մեզ խնդրեց օգնել իրեն` հանդիպելու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանին, քանի որ վերջինս կարող է խնդիրը կարգավորել: «Ժողովուրդ»-ը պարոն Սամվելի հետ եղավ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանի մոտ: Վերջինս մեր ներկայությամբ լսեց քաղաքացու բողոքն ու վրդովմունքը` կապված հաշմանդամության կարգի տրամադրման հետ, եւ ասաց, որ եթե պարոն Սամվելը համաձայն չէ հանձնաժողովի կայացրած որոշման հետ, կարող է բողոքարկել: ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ասաց, որ քաղաքացին վեց ամիս ժամկետ ունի` բողոքարկելու համար, որի համար հատուկ բողոքի բլանկ գոյություն ունի: Այնտեղ քաղաքացին գրում է իր բողոքը եւ ներկայացնում իրենց: Այնուհետեւ այդ բողոքն իրենք կքննարկեն, օր եւ ժամ կնշանակեն եւ արդեն կհանդիպեն հանձնաժողովի հետ ու կարտահայտեն իրենց բողոքը: Բայց միաժամանակ հանձնարարեց հենց տեղում դիմում-բողոքը լրացնել` խոստանալով հետագայում հետեւել գործի ընթացքին: Թեեւ չի բացառվում, որ անգամ ընթացք տալուց հետո Սամվելի տիկնոջը հաշմանդամության կարգ չտան, քանի որ, ըստ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի,  այդ կարգը ցմահ չի տրվում: «Սպասում ենք, որ հաջորդ տարի կարող է այդ քաղաքացու առողջական վիճակը բարելավվի, իսկ եթե հույս չկա վերականգնման համար, անմիջապես սահմանվում է անժամկետ հաշմանդամության կարգ, որն այլեւս փոփոխման ենթակա չէ»,-պարզաբանեց պատասխանատուն:Մենք ցանկացանք տեղեկանալ, թե ՀՀ քաղաքացիները որտեղից կարող են իրենց հետաքրքրող նմանօրինակ հարցերի պատասխանը ստանալ, որպեսզի ցայտնոտի մեջ չընկնեն եւ ամեն անգամ խմբագրություններ չգան: Վանյանը պատասխանեց. «Ուրեմն մեր 51 տարածքների բոլոր միջանցքներում կպցրած են դրանք, ունենք կայք, որտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է, ունենք հարց ու պատասխանի բաժին, որտեղ քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել, ներկայացնել իրենց դիմումները, մենք մեկնաբանում ենք դրանք: Քաղաքացին կարող է գալ, մեր տարածքներում խորհրդատվություն ստանալ, ունենք խորհրդատվական մատյաններ, որտեղ ձեւակերպում ենք քաղաքացիների բարձրացրած հարցերը եւ պատասխանում ենք նրանց»:ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ասաց, որ տարեկան 7500 որոշում փոփոխվում է: Իհարկե, պաշտոնյաները կարող են օրենքի դրույթներին հղում անելով գեղեցիկ խոսել, բայց ինչպես միշտ, իրականությունն ու պաշտոնական պարզաբանումները տարբեր են լինում: Եթե քաղաքացի Սաֆարյանը դժգոհություն չունենար, ինչպես ասում են` դանակը ոսկորին չհասներ, չէր գա խմբագրություն ու մեր միջամտությունը չէր խնդրի: Ի դեպ, նույն հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, մարդիկ պնդում են, որ իրենց հարցերին ոչ ոք լիակատար չի պատասխանում: Հուսով ենք, որ հրապարակումը կսթափեցնի պատասխանատու պաշտոնյաներին:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս