ՀԱՐԿԱՅԻՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորագավիթի 7-րդ փողոցում շարունակում են ապրել հարեւանությամբ Ծաղիկ Ղազարյանի  եւ Արփենիկ Հովհաննիսյանի զավակները: Այս երկու կանանց միջեւ 1993թ.-ին առանց նոտարի ու ստացականի կնքվել է մի պայմանագիր, ըստ որի` Արփենիկ Հովհաննիսյանը Ծաղիկ Ղազարյանին իր տնամերձից 600 քմ հողամաս է տվել: Ընդամենն այսքանը: Ո՛չ առքուվաճառքի եւ ո՛չ էլ որեւէ գումարի մասին խոսք չկա: Պայմանագիրը վավերացված է միայն մի քանի հարեւանների ստորագրությամբ (նրանցից ոմանք մահացած են): Նրանց ներկայությամբ Ծաղիկն իր մտերիմ հարեւանուհի Արփենիկին առանց տոկոսի 1 մլն 300 հազար ռուբլի է տվել այն պայմանով, որ գումարը վերադարձնելուց հետո հողի մասին պայմանագիրը չեղյալ կհայտարարվի: Սակայն այնպես է պատահել, որ Ծաղիկը մահացել է, իսկ Արփենիկի որդի Գեղամ Հովհաննիսյանին այդ գումարն այլեւս անհրաժեշտ չի եղել: Գեղամը գումարը մի քանի օրվա մեջ վերադարձրել է Ծաղիկի աղջկա՝ Սվետլանայի ամուսնուն: Պայմանագրից յոթ տարի անց՝ 2000թ.-ին, մահացել են նաեւ Արփենիկն ու Սվետլանայի ամուսինը: Սվետլանայի դուստրն ամուսնացել է հարկային վարչության աշխատակից Գեւորգ Պատուրյանի (Խաչատրյան) հետ, եւ… հենց այդ ժամանակ էլ Սվետլանան իրենց տան թղթերի մեջ պատահաբար հայտնաբերել է պայմանագիրը ու հայտարարել, որ իր մայր Ծաղիկն իրեն ժառանգություն է թողել: Սակայն դրանք միայն «աչք կապելու» համար ասված բառեր էին: Իրականում հանգուցյալ Ծաղիկի կողմից ո՛չ կտակի, ո՛չ նվիրատվության եւ ո՛չ էլ որեւէ պարտավորության ձեւով ոչ մի թուղթ չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ գումարը վերադարձված էր… «Նրանք երկուսն էլ՝ թե՛ Սվետլանայի եւ թե՛ իմ մայրն այնքան ազնիվ ու արդար էին, որ մտքներով չէր անցնի որեւէ խարդախություն: Ձեւական թուղթ էր, գրվել էր, գումարն էլ վերադարձվել էր, թուղթն էլ կորել ու մոռացվել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Գեղամ Հովհաննիսյանը: Եւ ահա փեսա Գեւորգը, մի կողմ թողնելով իր պաշտոնն ու հեղինակությունը, բոլորովին այլ թաղամասի լիազորից կեղծ տեղեկանք է վերցնում այն մասին, որ իբր թե հիշյալ 600 քմ հողամասը տասը տարի անընդմեջ մշակել է Սվետլանան, մինչդեռ այդպիսի բան երբեք չի եղել, եւ գործը ներկայացնում է դատարան՝ փորձելով եթե ոչ օրենքի, ապա սպառնալիքի ուժով զավթել հարեւանի հողը: «Կտեսնես, թե քո հողամասի կենտրոնում ինչպես եմ տուն կառուցելու եւ վաճառելու, սաղ ըլնի փեսաս»,-ասել է Սվետլանան` մոռանալով, որ իր փեսան կարող է պատասխան տալ կեղծիքի եւ պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Ասում եմ կեղծիքի, քանի որ դատարանում է գտնվում մի փաստաթուղթ, որը լիազորը ստորագրել է առանց կարդալու (վստահելով իր ծանոթ Վաչոյի որդուն՝ հարկայինի Գեւորգին): Նույն այդ լիազորը մեկ այլ հայտարարությամբ գրել է, որ ինքը երբեւէ չի ճանաչել Ծաղիկ եւ Սվետլանա անուններով մայր ու աղջկա, որ ինքը սխալ է թույլ տվել` մեկ այլ թաղամասի բնակչի վերաբերյալ սուտ տեղեկություն գրելով, ապա խնդրում է չեղյալ հայտարարել իր կողմից նախկինում տված լիազորագիրը: Բայց սա միակ կեղծ փաստաթուղթը չէ: Փեսա Գեւորգի օգնությամբ մի ստացական է գտնվել, որտեղ ներքեւի մասում, ըստ հին պայմանագրի, հերթականությամբ ազգանուններ են նշված եւ ստորագրված, իբր այդ մարդիկ վկայում են, որ հողը մշակվել է Սվետլանայի կողմից… Սակայն «չեն նկատել», որ այդ մարդկանցից շատերն արդեն մահացած են եւ այն աշխարհից ստորագրություն ուղարկել չէին կարող: Սակայն Գեւորգի նկատմամբ քր. գործ չհարուցվեց կեղծ տեղեկանքների եւ դատարանին թյուրիմացության մեջ գցելու համար:Սվետլանային հատկացվեց 600 քմ. հողակտորը: Այժմ Սվետլանան դիմել է դատարան՝ սերվիտուտի պահանջով, եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս մեքենայի համար ճանապարհ է ուզում: Մինչդեռ սերվիտուտը նախատեսում է ոտքի ճանապարհ:Այժմ քաղ. գործը գտնվում է Շենգավիթի վարչական դատարանում (դատավոր՝ Ի.Բարսեղյան): ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ




Լրահոս