Ինչպես հայտնի է՝ 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը սահմանվել է 6:
29.10.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-331-Ն օրենքով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը սահմանվել է 8:
25.02.2022 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-24-Ն օրենքով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը կրկին սահմանվել է 6:
Մինչդեռ Բարձրագույն դատական խորհուրդը, անտեղյակ լինելով օրենսդրական վերջին փոփոխությունից, Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար ևս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար պետք է ընտրի երկու դատավորի այն դեպքում, երբ նշված պալատում ազատ հաստիքներ չկան, արդյունքում պալատի դատավորների թիվը կկազմի 8՝ օրենքով սահմանված 6-ի փոխարեն:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս խայտառակ իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրվում և տարբեր սցենարներ մշակվում, այդ թվում՝ տարբերակներից մեկով քննարկվում է ընտրությունը ԱԺ-ում տապալելու սցենարը, երկրորդով՝ ԲԴԽ-ի կողմից ԱԺ ուղարկված դատավորների թեկնածուների ցուցակը հետ կանչելու, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում շուտափույթ փոփոխություն կատարելու և Վճռաբեկ դատարանի քրեական պալատում թվակազմը նորից 8 դարձնելու սցենարը:
Բացի այդ, քննարկվում է նաև մեկ այլ իրավական մտամարզանք, ըստ որի՝ ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածն իբր ունի երկու իրարամերժ խմբագրություն, որոնցից մեկով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թվակազմը 8 է, իսկ մյուսով՝ 6, մինչդեռ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը 6-ն է:
Քնար Մանուկյան